Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար. «Հայաստանում Ֆիզկուլտուրան ու սպորտը շատ ցավալի վիճակում են գտնվում». (Տեսանյութ)

Օգոստոս 11,2014 18:20 Share

Այսօր աշխատանքային այցով Սյունիքում գտնվող  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Կապանում  սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ Սյունիքի մարզից սպորտի ոլորտում գրանցված արդյունքները գոհացնող չեն:

sportnaxarar1

 

Սյունիքի մարզպետարանում  անցկացված հանդիպման ժամանակ նախարարը մարզիչներին, սպրոտդպրոցների տնօրեններին առաջարկեց ավելի լավ աշխատել եւ ավելի բարձր արդյունքներ ապահովել: Վերջինս չհամաձայնեց մարզիչների այն հակադարձումներին, որ լավ արդյունքներ ապահովելու համար հիմնականում խոչընդոտ է հանդիսանում անհրաժեշտ պայմանների ու գույքի բացակայությունը` հավելելով, որ ավելի քիչ սպորատաձեւեր ունեցող այլ  մարզերում նույն պայմաններում պարապող մարզիկների գրանցած արդյունքներն ավելի գոհացնող են: Սպորտի նախարարը, իհարկե, չմոռացավ եռացատկի մրցումներում  Եվրոպայի չեմպիոն դարձած  կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանի  ձեռքբերման մասին, ինչը հայ ազգի հպարտությունը համարեց, բայց նշեց, որ միայն մեկ սպորտաձեւով գրանցած հաջողությունը բավական չէ: Իսկ Սյունիքի մարզում 14 սպորտաձեւ կա այսօր:

«Ավելի լուրջ պետք է մոտենալ գործին, ես ձեզ վստահեցնում եմ, եթե դուք ավելի լուրջ մոտենաք ձեր աշխատանքին, ես 100 տոկոս վստահ եմ, որ աշխատանքն իր արդյունքը կտա: Հայաստանը նոր-նոր է ոտքի կանգնում,  եկեք օգնենք, եթե չօգնենք` առաջ չի գնալու գործը ոչ մի ոլորտում: Ոչինչ այսօր այս վիճակն է,  վաղն ավելի լավ է լինելու: Ցավում եմ, որ այսօր Սյունիքի մարզում  թույլ է  դրած այդ հարցը, ես չեմ մեղադրում ձեզ, բայց խնդրում եմ  լուրջ վերաբերվեք, մենք շատ թույլ արդյունքներ ենք գրանցում Սյունիքի մարզում, որ այդպես չպիտի լինի: Մենք նոր մտքեր ունենք, որ նախատեսում ենք սեպտեմբերից իրագործել», -առանց փակագծերը բացելու ասաց նախարարը եւ հավելեց, որ սպորտը մասսայականացնելու եւ այս ոլորտում առավել աշխուժություն մտցնելու  համար պետք է լուրջ քայլեր արվեն: Սակայն նախարարի կարծիքին հակադարձողներ նույնպես եղան: Գեղարվեստական մարմնամարզության ոլորտում բազմամյա փորձ ունեցող մարզիչը չհամաձայնեց, որ մարզիչները լավ չեն աշխատում, արդյունքները գոհացնող չեն` հավելելով, որ նույնիսկ չջեռուցվող դահլիճում, ցածր աշխատավարձով, պարապելու սուղ պայմաններում  շարունակում են նվիրված աշխատել, հաջողություններ գրանցել, բազմաթիվ մրցումների մասնակցել, միայն թե  ֆինանսի բացակայության պատճառով` միջազգային մրցաշարերի մասնակցել չի հաջողվում:

Հանդիպմանը ներկա գտնվող սպորտի ոլորտի ներկայացուցիչները նախարարին դիմեցին տարբեր խնդիրներով` սպորտդպրոցի ջեռուցման, հատակի նորոգման, գույքի համալրման եւ այլ հարցերով: Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան սպորտդպորցի հատակը հիմնանորգման կարիք ունի: Իր չափսերով մարզադպրոցը լիովին համապատասխանում է քաղաքային եւ մարզային մրցումների անցկացման համար, սակայն հատակի անմխիթար  վիճակի  պատճառով  այստեղ հնարավոր չի լինում միջոցառումներ կազմակերպել:  Կապանի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով` համայնքի բյուջեն հնարավորություն չունի այն նորոգելու համար, նախագծանախահաշվային  փաստաթղթերը կազմվել եւ ներկայացվել են   տարբեր կազմակերպությունների, սակայն մինչեւ օրս արձագանքող չի եղել: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ եկող տարի նախարարությունում  կփորձեն աշխատանքներ տանել խնդրի լուծման ուղղությամբ: Անդրադառնալով դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի կարեւորությանը` նախարարը  իր դժգոհությունը հայտնեց առարկայի ոչ արդյունավետ կազմակերպումից, հավելելով, որ հանրապետությունում մատերի արանքով են նայում այդ առարկային: «Հայաստանում Ֆիզկուլտուրան ու սպորտը շատ ցավալի վիճակում են  գտնվում », – նշեց պարոն Ղազարյանը:  

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031