Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարները խնդրել են վարչապետին՝ «ճնշել» ԱԳՆ-ին

Օգոստոս 20,2014 14:50

Վերջին շրջանում տեղական գործարարները բավականին ոգեւորվել են. Ռուսաստանում մի շարք երկրներից մի խումբ ապրանքատեսակների արգելքը հայկական արտադրողներին մեծ հույսեր է տալիս իրենց ապրանքների արտահանման ծավալների ավելացման համար: Բայց, ինչպես ժողովուրդն է արդարացիորեն նկատել՝ «թշնամին տնից է»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան որոշեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի նկատմամբ. ռուսական շուկա մի խումբ ապրանքատեսակների՝ ձկնամթերքի, կաթնամթերքի, գյուղմթերքի, ոգելից որոշ խմիչքների, մսամթերքի մուտքն արգելվել է եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից եւ Նորվեգիայից:

Gini

Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է գործարարների հետ, կիսում է նրանց ոգեւորությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայկական արտադրողներին «մանթրաշ է» գցել:

Ռուսական շուկայում մեծ տեղ է բացվել հատկապես հայկական գինիների համար, ու չնայած մեր գործարարներն այդպես համառորեն ու ոգեւորված ուզում են գրավել աշխարհին հայտնի, բայց ՌԴ-ում արգելված իտալական, ֆրանսիական գինիների «թափուր» տեղերը, մերոնք մեր ԱԳՆ-ի «թեթեւ ձեռքով» զրկվել են Ռուսաստանում անգամ ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունից:

Այսօր Մոսկվայում գինիների ցուցահանդես է մեկնարկել, իսկ ՀՀ կառավարությունն այդ մասին իմացել է ընդամենը 4 օր առաջ, ինչն, այնքան կարճ ժամանակ է, որ գործարարները չեն կարողացել պատրաստվել եւ մասնակցել այդ ցուցահանդեսին: Նկատենք, որ ցանկացած երկրի արտադրողի համար հենց միջազգային ցուցահանդեսներն են «շանս» տալիս իրենց ապրանքները ներկայացնելու աշխարհին ու արտահանման ծավալներն ընդլայնելու:

«Առավոտի» հետ զրույցում Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասաց, որ նման ցուցահանդեսների մասին պետք է ոչ թե 4 օր, այլ 4 ամիս առաջ տեղեկացնել, որպեսզի արտադրողները հասցնեն պատրաստվել: Պարոն Հարությունյանի խոսքերով` որպեսզի հնարավորությունը բաց չթողնեին եւ այդ կարճ ժամանակահատվածում կարողանային մասնակցել Մոսկվայում գինու ցուցահանդեսին, դիմել էին մեր ԱԳՆ-ին, իսկ նախարարությանը խնդրել էին մոտ 300 շիշ տեղական գինի ուղարկել Մոսկվա, ասենք՝ որպես դեսպանատան կարիքների համար. ԱԳՆ-ն իրավունք ունի ազատ, առանց որեւէ խոչընդոտի ապրանք տեղափոխել:

«Մենք ընդամենն ուզում էինք այս կարեւոր ժամանակահատվածում, երբ իսկապես մեզ համար հնարավորություն է բացվում ռուսական շուկայում ընդլայնվելու, ամրապնդվելու, դիվանագիտական խողովակներով ուղարկել մեր գինիների ձեւանմուշները՝ առանց նախնական փաստաթղթավորման: Բայց ԱԳՆ-ն մերժեց, կարելի է ասել՝ «թանկացրեց» իրեն, թե բա՝ չէ, բա մենք մեր կարիքների համար ենք միայն տանում, ոնց որ ասեր՝ չէ, հավես չունեմ՝ չեմ ուղարկում»:

Հետաքրքրական է, որ հենց այս շրջանում է մեր ԱԳՆ-ն մերժել օգնությունը հայ գործարարներին. այս նախարարությունում հավանաբար տեղյակ չեն, որ ԱԳՆ-ն իր ղեկավարով ու աշխատակիցներով, ՀՀ դեսպանատներն էլ իրենց ղեկավարով ու աշխատակիցներով միայն փաստաթղթեր ստորագրելու, մեր` հարկատուների հաշվին պետբյուջեից օրապահիկ ստանալու ու օտար երկրներում զբոսնելու համար չեն: ԱԳՆ-ն ու հայկական դեսպանատները կոչված են նաեւ այդ երկրներում տնտեսական կապեր ստեղծելու, խորացնելու, խթանելու, ի վերջո հայկական, գոնե լավագույն ապրանքները օտար երկրներում կառավարական մակարդակով ներկայացնելու, ինչը Մոսկվայի գինու ցուցահանդեսում չարեց:

Իսկ ահա վրացական գինիները մեծ ճանաչում են ստանում աշխարհում ոչ միայն համի շնորհիվ, այլեւ այս երկրի արտաքին գործերի նախարարությունը ջանքեր չի խնայում իրենց գինիների տեսակներն ամենուրեք ներկայացնելու:

Ավագ Հարությունյանի խոսքերով՝ «Վրաստանի ԱԳՆ-ն մշտապես աջակցում է ցուցահանդեսներին իրենց տեղական արտադրողների ներկայությունն ապահովելու համար, Մոսկվայի ցուցահանդեսին էլ իրենց ԱԳՆ-ի միջոցով ուղարկվեց իրենց գինիները»:
Օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ մի խումբ գործարարներ են հանդիպել եւ քննարկել, թե ինչպես կարող են տեղական արտադրողներն օգուտ քաղել ռուսական էմբարգոյից եւ արտահանման ծավալներն ընդլայնել: Այս հանդիպմանը մասնակցել է նաեւ Ավագ Հարությունյանը, որի պատմելով՝ մի խումբ արտադրողներ դժգոհություն են արտահայտել ԱԳՆ-ի մասին եւ վարչապետին հորդորել ճնշում գործադրել այս նախարարության վրա:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031