«Եթե այդ աղետը ողբերգական չէ Գալուստ Սահակյանի համար, միանգամայն հասկանալի է, քանի որ այս աղետի հետևանքով մեր օլիգարխների ծառայության և ապրանքային շուկան գնորդ ունի»,- Aravot.am-ի հարցին՝ արտագաղթը ցավ, բայց ոչ ողբերգություն համարելը երկրի ղեկավարության կողմից տրված փոքր-ինչ թեթև գնահատական չէ՞ օրեցօր ահագնացող տեմպերի հասնող այդ խնդրին, այսպես պատասխանեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Արտագաղթ եղել է նաև և մեր թվարկությունից առաջ և բոլոր դարերում: Արտագաղթը ցավ է, բայց ոչ ողբերգություն, ու դրա պատճառները լոկ իշխանության հետ կապելը ճիշտ չէ: Հիմա աշխարհը մեծացել է, ու եթե մարդ Ֆրանսիայում բազմապատիկ ավելի պիտի ստանա, պարզ է՝ գնալու է: Արտագաղթի դեմ պետք է պայքարել, ոչ թե մեղադրել: Բայց ցավալի է, երբ մարդիկ խռոված են գնում Հայաստանից»:

Տիկին Խառատյանը հիշեցնում է այն, որ երկար ժամանակ մեր իշխանություններն ասում էին, որ արտագաղթ ընդհանրապես չկա, այլ կա ժամանակավոր աշխատանքի փնտրտուք, և ընդհանրապես, ըստ ազգագրագետի՝ արտագաղթը երբեք չի դարձել իշխանությունների համար երկրի ճակատագրի հետ կապվող կարևոր վերլուծելի խնդիր՝ հասկանալու արտագաղթի ծավալն ու թողած խնդիրները:
Կարդացեք նաև
Տիկին Խառատյանը մանրամասնեց. «Արտագաղթը իշխանությունների համար ոչ միայն ողբերգություն և ցավ չէ, այլ թեթևացում է: Նախ երկիր կապիտալ է մտնում և շրջանառվում ու մեր՝ այսպես կոչված տնտեսվարող սուբյեկտների առաջարկած ծառայությունների և ապրանքների ինչ-որ չափով գնորդ է գտնվում և սոցիալական լարվածություն թուլանում: Արտասահմանից եկած գումարների հաշվին՝ ՀՀ համախառն ներքին արդյունքի մեկ երրորդն է ձևավորվում»:
Տիկին Խառատյանի համար զարմանալին այն է, որ Գալուստ Սահակյանի համար արտագաղթը ցավ է: Նա նշեց. «Բայց որ իրականում նրա համար ցավ չէ, սա շատ ակնհայտ է: Բայց որ երկրի համար դա շատ լուրջ սպառնալիք է, դա փաստ է: Ժողովրդագրական առումով ՀՀ-ն ուղղակի աղետալի վիճակում է: Թե′ բնակչության թվաքանակի կրճատման, թե′ բնակչության կառուցվածքի իմաստով, տարիքային խմբերի, սերունդներ տալու, ունակության, աշխատանքային տարիքի, բնակչության պակասի խնդիրներով արտագաղթը ուղղակի աղետ է: Բայց իշխանությունների համար, դրսից եկող տրանսֆերտները հաշվի առնելով, որոնցով քիչ թե շատ շնչում են այս երկրում, արտագաղթը պարգև է»:
Մեր հստակեցմանը, փաստորեն կարելի՞ է եզրակացնել, որ իշխանություններն առանձնապես քայլեր էլ չեն անում արտագաղթի դեմ պայքարելու համար, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Հայտարարություններից չէ, որ պետք է եզրակացնել, այս եզրակացությունն ինքնին ակնհայտ է, այսօր նույնիսկ անցյալի հետ համեմատած՝ մեր առևտրային բիզնեսում փոքր ու միջին բիզնեսը դարձյալ հետընթաց ունի: Դարձյալ փակված խանութներ՝ փոքրերի մեջ, դարձյալ շրջանառության նվազում և այլն, դա ակնհայտ է: Ուստի հարցադրումն ինքնին տարօրինակ է, քայլ չի արվում ոչ միայն արտագաղթը կասեցնելու, այլև տնտեսությանը որոշ շանս տանելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Իսկ ժողովրդի համար Գալուստի նման պաշոնյա ունենալը և’ ցավ է, և’ողբերգություն ու նաև`մեծագույն ա մ ո թ…!!!