Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Նանկինի ոսկիները մենք արդեն մոռացել ենք»

Սեպտեմբեր 03,2014 13:00

Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը երկու ոսկե մեդալ նվաճեց, ու երկուսն էլ մեր երկրի հաշվարկին բերեցին ծանրորդները:

«Առավոտը» մեր պատանի ծանրորդների աշխատանքի գնահատականն ստանալու ակնկալիքով երեկ այցելեց մարզաձեւի ֆեդերացիա եւ պատահաբար ներկա գտնվեց փոխնախագահ Վահան Խեչանյանի մոտ ընթացող աշխատանքային քննարկումներին: Թեման այս տարվա նոյեմբերին եւ եկող տարի կայանալիք աշխարհի առաջնոթյուններն էին, որոնք վարկանիշային են 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանն, այնուամենայնիվ, մեր հարցերին պատասխանեց:

– Պարոն Խեչանյան, Չինաստանում Հայաստանի երկու ոսկե մեդալներն էլ ծանրորդները նվաճեցին: Այդ մասին ի՞նչ կասեք:

– Նախ, ուզում եմ անպայման խոսել մեր երկրի ընդհանուր թիմի մասին, որը Չինաստանում մի մեծ ընտանիքի էր նման: Երեւանում օդանավ նստելիս շատերը միմյանց չէին ճանաչում: Բայց ճանապարհին մի լավ մթնոլորտ ստեղծվեց ու, բնականաբար, արդյունքներն էլ լավը եղան: Ինչ վերաբերում է մեր ծանրորդների նվաճումներին, դա ծանր, բայց սրտացավ աշխատանքի արդյունք էր: Մեկնելուց առաջ ես ձեզ ասել էի, որ նախապատրաստական հավաքներում ընդգրկել էինք չորս հոգու, որոնցից էլ պիտի ընտրություն կատարեինք: Նանկինը ցույց տվեց, որ մենք չենք սխալվել: Անակնկալ կլիներ, եթե մեր երկու տղաները չհաղթեին: Իսկ Սոնա Պողոսյանը արեց այն, ինչ իրենից սպասում էինք:

– Հատկապես այս տարվա արդյունքներով մեր ծանրամարտի հեղինակությունը Լոնդոնից հետո կրկին բարձրացել է: Այս գործընթացը շարունակվելո՞ւ է:

– Այո: Բայց պիտի ասեմ, որ մենք ֆեդերացիայում արդեն մոռացել ենք Նանկինի ոսկիները: Դրանք արդեն պատմություն են: Մենք նայում ու գնում ենք առաջ: Հիմա օրակարգում նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Պիտի այնպես անենք, որպեսզի այս եւ հաջորդ տարվա աշխարհի առաջնությունների հանրագումարով հնարավորին չափ շատ, տղաների համար առնվազն հինգ ուղեգիր ձեռք բերենք եւ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում արժանապատիվ ներկայացնենք Հայաստանը: Մեր գերնպատակը թիմային տասնյակում տեղ զբաղեցնելն է:

– Հայ մարզասերը կրկին սովորել է, որ ծանրորդները մրցումներից մեդալներով վերադառնան: Աշխարհի առաջնությունում պայքարելո՞ւ եք դրանց համար:

– Մեդալների մասին առայժմ եկեք չխոսենք: Հատկապես աշխարհի այս առաջնությունում մենք դրանց կարեւորություն չենք տալու: Մարզիկների առջեւ առաջադրանք է դրվելու՝ հնարավորին չափ բարձր տեղ զբաղեցնել եւ անհրաժեշտ վարկանիշային միավորներ վաստակել, որպեսզի հավաքականը տեղ ունենա լավագույն տասնյակում: Եկող տարվա մասին խոսելն էլ դեռ վաղ է: Ասեմ միայն, որ ունենք ուժեղ մի շարք ծանրորդներ, որոնք վնասվածքներից հետո դեռ վերականգնման փուլում են, կան նախկինում որակազրկվածներ, որոնց ժամկետը լրանալու է եկող տարվա գարնանը: Դրանից հետո նրանք էլ կմիանան ազգային հավաքականին: Սպասենք: Ինչպես ասում են. օրը կգա, բարին՝ հետը:

– Նանկինի ոսկե մեդալակիրները հնարավո՞ր է, որ աշխարհի այս առաջնությունում համալրեն մեր ազգային հավաքականի կազմը:

– Կրկին առաջարկում եմ չշտապել: Այսօրվա վիճակով երկուսն էլ թեկնածու են: Բայց դեռ երկու ամիս կա, ու ամեն բան կախված կլինի այդ ժամանակ նրանց մարզավիճակից: Մարզասերներին հասկանալ կարելի է: Բայց ծանրամարտում ու ընդհանրապես սպորտում, խորը նրբություններ կան, որ մասնագետներն են խորությամբ հասկանում: Այո, մեր տղաները պատանիների օլիմպիական չեմպիոն են: Բայց այդ եւ մեծահասակների տարիքային խմբերը միանգամայն այլ բաներ են: Մեծերի մեջ պահանջներն անհամեմատ բարձր են: Այնպես որ, եկեք սպասենք:

– Աշխարհի առաջնությանը մեր տղաների եւ աղջիկների հավաքականներն ամբողջակա՞ն թիմերով են մասնակցելու:

– Այո: Հիմա բոլորն էլ մարզվում են ու հավաքների մեջ են: Մենք ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի գլխավորությամբ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ միասին անում ենք ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելի, որպեսզի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում մեր մարզիկները ոչ մի խնդիր չունենան: Մնում է, որ նրանք ու մարզիչները շարունակեն ճիշտ աշխատել: Հուսով եմ, այդ դեպքում ամեն բան լավ կլինի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930