Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացին դիմում է Իրանի նախագահին

Սեպտեմբեր 03,2014 15:30

Անահիտ Մուշկամբարյանն Իրանում կալվածքների ժառանգորդ է,
բայց չի կարողանում արդարության հասնել

«Ես երբեք չէի իմանա պապիկիս կալվածքների մասին, եթե չկատարեի տատիկիս պատգամը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է կալվածքների իրական ժառանգորդ Անահիտ Մուշկամբարյանը: Նրա խոսքերով. «Տատիկս մահից առաջ պատգամեց, որ անպայման այցի գնանք մեր պապի գերեզմանին, որը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատական նահանգի Սեւահող գյուղի հայկական եկեղեցու բակում: Չնայած այն ժամանակ՝ 1969 թվականին, ճանապարհը դեպի Իրան փակ էր, եւ գնալը՝ անհնարին»:

Նա Սեւահող գյուղի բնակիչ՝ 1867 թվականին ծնված Բաբա-Բեկ Մելիք-Մուշկամբարյանի (Բաբա-Խան) թոռնուհին է: Տատի պատգամը սրտում՝ տիկին Անահիտը 2000 թվականին մեկնում է Իրան եւ արդեն անմարդաբնակ Սեւահող գյուղի փլված եկեղեցու բակում գտնում պապի գերեզմանը: Անահիտ Մուշկամբարյանը տատի պատմություններից լսած է լինում, որ Բաբա-Խան պապը Թավրիզ քաղաքում կառուցել է հայկական դպրոց, գրադարան, մի շարք այլ շենք-շինությունների հեղինակ է, եղել է Մանթաշովի հաշվապահը: Սակայն պապի գերեզմանին այցելությունը թոռնուհու համար նոր բացահայտումներ է ջրի երես հանում: Տիկին Անահիտը պարզում է, որ Բաբա-Խան պապը մեծ կալվածքների տեր է եղել, որի մասին պապի մահից հետո Հայաստան տեղափոխված Նարինգյուլ տատը ոչինչ չի ասել:

 

Տիկին Անահիտի խոսքերով՝ ներկայումս այդ կալվածքների տարածքում Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի համար տեղադրված հենասյուներն են գտնվում, որի համար իրանական կառավարությունը հողի սեփականատերերին ամսական ֆինանսական փոխհատուցում է տրամադրում: Սակայն փոխհատուցումը ոչ թե իրական հասցեատերն է ստանում՝ Անահիտ Մուշկամբարյանը, որն ապրում է Հայաստանի Հանրապետությունում, այլ Բաբա-Խան պապի եղբոր որդիները:

Մեզ հետ զրույցում տիկին Անահիտը պատմեց, որ այն օրվանից ի վեր, ինչ իմացել է, որ ինքը պապու կալվածքների ժառանգորդն է, որեւէ կերպ չի կարողանում իր իրավունքները վերականգնել: Պապի եղբոր որդիները, Անահիտ Մուշկամբարյանի խոսքերով, չեն հաշտվում իրենց կայուն եկամտից զրկվելու մտքի հետ եւ ամեն գնով խոչընդոտում են նրա՝ ժառանգ ճանաչվելու գործին. «Ասում են՝ մենք այս երկրում համարվում ենք օրինական ժառանգներ, եւ կարիք չկա Հայաստանից գալ եւ հողի ժառանգ ներկայանալ: Ես ոչ մեղադրում եմ իմ բարեկամներին, ոչ էլ հետ եմ պահանջում տարիներով ստացած գումարները, այլ ընդամենն ուզում եմ վերականգնել ժառանգության իմ իրավունքը, եւ այդ գումարներն օգտագործել ուղեղի կաթվածով հիվանդ թոռնիկիս եւ նրա նման երեխաների համար բարեգործություն անելու վրա ու փրկել այդպիսի երեխաների կյանքը»,- ասում է Անահիտ Մուշկամբարյանը:

Mukambaryan

Տիկին Անահիտը Հայաստանից Իրան է տանում բոլոր այն փաստաթղթերը, որոնք կապացուցեն իր՝ ժառանգորդ լինելը: Նրան տեղեկացնում են, որ ժառանգության ճանաչման հարցով պետք է դիմի դատարան:

Նշենք, որ ժամանակին Իրանի Հանրապետության արդարադատության նախարարության փաստաթղթերի եւ կալվածքների արձանագրության վարչության կողմից Բաբա-Խանի ժառանգներին փնտրելու վերաբերյալ հայտարարագիր է եղել, որը 2004 թվականից գտնվում է տիկին Անահիտի ձեռքում: Նրա պատմելով. «2007 թվականին գնացի Իրան, դիմեցի Իրանում բնակվող իրավաբանների իրավաբանական օգնությանը՝ Սաբեր Ջաֆարի Թաբանին՝ Թավրիզից եւ Մեջլիսի իրավաբան Խալիլ Բահրամեանին՝ Թեհրանից: Վերջինս մեզանից 2120 ԱՄՆ դոլար վերցրեց՝ գործը դատարան ներկայացնելու համար, բայց երբ վերադարձա Հայաստան եւ զանգահարեցի պատասխանն իմանալու, նա լսեց ձայնս ու իմացավ, ձեւացրեց, թե չի լսում եւ հեռախոսն անջատեց: Պարբերաբար նույն պատասխանը լսելով՝ հասկացա, որ անօգուտ է այդ մարդու հետ հույսեր կապել, նա եւս, ինչպես առաջին իրավաբանը, խաբեց»:

Տիկին Անահիտը փորձում է հարցը լուծել դեսպանատների միջոցով: Նախ դիմում է Իրանում Հայաստանի դեսպանատուն, եւ երբ այնտեղ որեւէ կերպ չեն արձագանքում ՀՀ քաղաքացու դիմումին, դիմում է Հայաստանում Իրանի դեսպանատուն: Այստեղ էլ խոստանում են դեսպանի հետ հանդիպում կազմակերպել եւ հարցը ներկայացնել՝ տիկնոջը հուսադրելով, թե կզանգեն կկանչեն, սակայն ինչպես Ա. Մուշկամբարյանն է ասում՝ երկար սպասելուց հետո հայտնում են, թե դեսպանը ժամանակ չունի, եւ նման խնդիրներով չեն կարող անհանգստացնել նրան:

Տիկին Անահիտը փորձում է նամակ գրել Իրանի նախագահին եւ հոգեւոր առաջնորդին՝ ակնկալելով, որ Իրանի արդարադատությունն ընթացք կտա, եւ խնդիրը կլուծվի, բայց Հայաստանում Իրանի դեսպանատունը մերժել է քաղաքացու դիմումը վերցնել՝ պատճառաբանելով, որ իրենք իրավասու չեն նման նամակ ուղարկել Իրանի նախագահին: «Ես դիմում եմ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդ` մեծարգո Այաթոլլահ Ալի Խամենեին եւ մեծարգո նախագահ Հասան Ռուհանիին, որ այս հարցին ընթացք տան: Իրանում արդարադատությունը կայացած է, եւ ես հույս ունեմ, որ կարող եմ վերականգնել ժառանգորդի իմ իրավունքները»,-ասում է նա:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
02.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930