Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն ուզում է տիրություն անել անտեսված ազատամարտիկներին՝ իր նպատակների համար օգտագործելու պայմանով»

Սեպտեմբեր 24,2014 13:00

Այս կարծիքին է քաղտեխնոլոգը, ըստ որի՝
ժամանակին էլ Կոմանդոսն էր ուզում նման կառույց ստեղծել

Օրերս «Փարավոն» համալիրում կայացավ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի (լուսանկարում) ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» առաջին համագումարը, որի վերաբերյալ Ռուբեն Գեւորգյանը կարծիք էր հայտնել, ասելով, թե նորաստեղծ կառույցն առանձնահատուկ է, քանի որ այնտեղ գտնվում են առաջին գծում կռված տղերքը: Ու ըստ նրա՝ շատ ազատամարտիկներ դուրս են մնացել երկրապահից, ինչն էլ պատճառ է հանդիսացել միավորելու այդ մարդկանց: «Առավոտը» զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, որն էլ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այս ամենն ուղղակի Գագիկ Ծառուկյանի ամբիցիաների արգասիքը չէ, որն ամեն կերպ փորձում է գերազանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց. «Ակնհայտ է, որ թե ընդդիմությունը եւ թե այլընտրանք կոչվող ուժը՝ ԲՀԿ-ն, բոլոր այն տեղերում, որտեղ վակուում է ձեւավորվում, ինչի արդյունքում պետությունը կամ իշխանությունը թերանում է իր գործունեության մեջ, փորձում է գրավել այդ նիշան: Այդ համագումարը փորձ է ԲՀԿ-ի թեւի տակ հավաքել այն ազատամարտիկներին, որոնք անտեսված են թե պետության կողմից, թե պաշտոնական երկրապահական շրջանակների: ԲՀԿ-ն ուզում է նրանց տեր կանգնել ու դարձնել իր հենարաններից մեկը: Ես համաձայն եմ ձեր տված գնահատականին, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ուզում է այս հատվածին տիրություն անել, ինչպես որ շատ բնագավառներում է՝ գյուղատնտեսության, կրթական համակարգ եւ այլն, հիմա էլ ազատամարտիկներին: Ես մի քիչ թերահավատորեն եմ վերաբերվում նրան, որ իշխանությունները ռեալ կվերաբերվեն նրա իդեային, քանի որ սա առաջին փորձը չէ երկրապահական հատվածը կիսելու, ժամանակին էլ Կոմանդոսն էր ուզում նման կազմակերպություն ստեղծել: Եվ քանի որ երկրապահական զանգվածը դա պոտենցիալ ակտիվ զանգվածն է, կռվող տղերքի զանգվածը՝ իշխանությունը բավականին զգույշ է վերաբերվում բոլոր նման փորձերին»:

Մեր մյուս հարցին էլ՝ ինչպես որ տարածում գտավ օլիգարխների շրջանում «անձնական» եկեղեցի ուենալու փաստը, արդյո՞ք ազատամարտիկների միություն ստեղծելն էլ չի դառնա հայ օլիգարխիայի պարտադիր ատրիբուտ, այդպիսով վարկաբեկելով շատ կռվածների կողմից ղարաբաղյան պատերազմին մասնակցելու փաստը, եւ որոնք ինքնըստինքյան կդառնան բնակչության կողմից չհարգված մարդիկ, Վիգեն Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, կա այդպիսի էլեմենտ, տպավորություն, որ դա էլ հերթական մոդայիկ քայլն է, բայց մի բան է ինչ-որ բան կառուցելը, ինչպես որ մոդայիկ է կայք, թերթ ունենալը, մեկ այլ բան է, որ մոդայիկ է դառնում սեփական ուժային գործոնը ունենալ: Բոլորս հասկանում ենք, որ սեփական կուսակցության ներքո երկրապահական կառույց ունենալը ենթադրում է ուժային ռեսուրսի ավելացում, որը ինչ-ինչ պայմաններում կարող է դառնալ վճռորոշ, որովհետեւ Հայաստանում կռվող տղերքի գործոնը միշտ է լուրջ դեր խաղացել: Եվ որքան էլ երկրապահների ղեկավարները փորձել են ասել, թե իրենք զերծ են քաղաքական նախապատվություններից, իրականում այդպես չէր, թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը փորձել են նրանց օգտագործել քաղաքական նպատակների համար: Սա լուրջ գործ է, ունի լուրջ քաղաքական նպատակներ՝ ստեղծել կուռ ու մարտունակ կառույց, որը Ռուբեն Գեւորգյանն էլ իր ելույթում չթաքցրեց»:

Դիտարկմանն էլ՝ Ռուբեն Գեւորգյանը նաեւ ասել էր, որ «Երդվյալ ազատամարտիկների միությունը» ապաքաղաքական կառույց է, բայց չէր բացառել, որ երկրի ճակատագրին վերաբերող հարցրերում կունենա իր դիրքորոշումը, արդյոք այս ամենը չի՞ ձգում դեպի Ռոբերտ Քոչարյան, որովհետեւ, Գագիկ Ծառուկյանի ասելով, հասկացվում է Ռոբերտ Քոչարյան, եւ այս մարդկանց հետագայում չե՞ն օգտագործի հենց նրա վերադարձի ժամանակաշրջանում հարցեր լուծելու համար. «Այո, ես չեմ բացառում դա, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ ակտիվ քաղաքականություն, իսկ դրա իմպուլսները նա բազմիցս հղել է հասարակությանը: Ռոբերտ Քոչարյանը պետք է օգտագործի իր բոլոր ռեսուրսները, այդ թվում, եթե հաջողվի ստեղծել երկրապահական կառույց՝ նաեւ դա, կլինի այն ԲՀԿ-ի կազմի մեջ, թե ֆորմալ առումով դրանից դուրս, կարեւոր չէ: Եթե երկրորդ նախագահը որոշի վերադառնալ քաղաքականություն, ապա պետք է ոչ միայն մոբիլիզացնի իր ուժերը, այլեւ նորերը ստեղծի, որովհետեւ չեմ կարծում, որ այդ ազատամարտիկներից բոլորը կցանկանան լինել կուսակցական, ինչը եւ նորմալ եմ համարում»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930