Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հորդորեց չնեղացնել հղիներին

Հոկտեմբեր 30,2014 11:45 Share

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորեց չնեղացնել հղի կանանց՝ խոսքն ուղղելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Վարչապետն ասաց, որ անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությունների նախագիծը պետք է այնպիսի տեսքի բերվի, որպեսզի որեւէ աշխատող հղի կին չտուժի:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով. «Հանրությանը շատ է հետաքրքրում այս հարցը եւ կառավարությունը չի գնալու որեւէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Ես գտնում եմ, որ սա մենք պետք է հաշվի առնենք օրենքի նախագծում»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ վարչապետին զեկուցեց, որ այս ընթացքում տեղի ունեցող հանրային քննարկումները լավ արձագանք են ունենում, առաջարկություններ են հնչում, որոնք ներառվում են նախագծում:
Վարչապետը ընդհատելով նախարարին ասաց, որ մինչեւ հիմա լավ արձագանքներ չկան, միայն դժգոհություններ են: Արտեմ Ասատրյանը խոստացավ, որ նախագծի վերջնական տարբերակը ընդունելի կլինի բոլորի համար եւ բոլորը գոհ կմնան:

Հիշեցնենք, որ այս նախագծին կառավարությունը հավանություն էր տվել նախորդ ամիս, երբ կառավարության նիստը վարում էր Հովիկ Աբրահամյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել