Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան Կարեն Մովսիսյանը վկայություն տվեց

Նոյեմբեր 04,2014 15:23

Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, դատավոր Թովմասյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդան Գերավետյանի գործով դատական նիստը: Դատական նիստի ընթացքում վկայություն տվեց ոստիկան Կարեն Մովսիսյանը: Նա նշեց, որ մինչ այդ տարբեր բողոքի ակցիաներից ճանաչել է Վարդան Գերավետյանին:
Ոստիկանության ներկայացուցիչը հարցրեց, թե Վարդան Գերավետյանին պահանջ ներկայացրե՞լ է: Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը առարկեց՝ պատճառաբանելով, որ այդ հարցը անխուսափելիորեն բացահայտելու է այնպիսի հանգամանք, որը չկա վարչական վարույթում. «Սա անթույլատրելի հարց է, քանի որ ոստիկանությունը հնարավորություն ուներ վարել վարչական վարույթ, եթե ձեռք չի բերել ապացույց, ապա բաց է թողել հնարավորությունը: Հնարավոր չէ մեկ տարի չորս ամիս հետո այս հարցը ուղղել»:

Սակայն դատարանը կրկնեց հարցը, Կարեն Մովսիսյանը պատասխանեց, որ Վարդան Գերավետյանին պահանջ ներկայացվել է, սակայն նա չի կատարել այն. «Ես ասել եմ ոստիկանության ծառայողներին, որպեսզի իրականացնեն օրենքով սահմանված գործողությունները: Ուղղակի չեմ հիշում, թե որ ոստիկաններն էին»:
Կարեն Մովսիսյանը հավելեց, որ պահանջը ներկայացրել է այն պահին, երբ Վարդան Գերավետյանը Տիգրան Խզմալյանի հետ պառկած է եղել ասֆալտին: Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց, թե երբ՞ է ներկայացրել պահանջը: Կարեն Մովսիսյանը պատասխանեց, որ չի կարող կոնկրետ հիշել. «Մեկ տարի չորս ամիս է անցել, չեմ հիշում: Բացե՛ք «Յութուբը» նայեք, անկեղծ չի լինի, որ ասեմ այս ժամին եմ ներկայացրել»:

Նա նշեց, որ ասել է, որ պառկելով գետնին՝ Գերավետյանը մի շարք օրենքներ է խախտում եւ զգուշացրել է, որ եթե իր պահանջները չկատարի, ապա կդառնա վարչական իրավախախտ. «Ասել եմ՝ խնդրում եմ մի՛ արեք, այս երկրում արդարություն հաստատելու համար ընտրե՛ք ցիվիլ ճանապարհ»:

Հարցին, թե քանի անգամ է պահանջ ներկայացրել, Կարեն Մովսիսյանը պատասխանեց. «Երեք անգամ ասվել է, մի բան էլ ավել՝ երեք ու կես: Այսինքն՝ երեք անգամ կրկնել եմ, այն կեսն էլ չեմ կարողացել ավարտին հասցնել»:

Նա նշեց, որ ոստիկաններին կոնկրետ չի հրահանգել՝ Գերավետյանին պետք է բերման ենթարկե՞լ, թե՞ վարչական ձերբակալություն կատարել, սակայն հետո իրեն զեկուցել են, որ Վարդան Գերավետյանին բերման են ենթարկել:

Տիգրան Եգորյանի հարցին, թե հնարավո՞ր էր տեղում վարչական տուգանք կազմել, Կարեն Մովսիսյանը պատասխանեց, որ տեխնիկապես հնարավոր էր, բայց քանի որ լարված իրավիճակ էր, ավելի նպատակահարմար էր ուժերն ուղղել դեպի հասարակական կարգի պահպանմանը:

Տիգրան Եգորյանի հարցին, թե հնարավո՞ր է, որ ոստիկաններին ավել բան է հրահանգել, նա պատասխանեց. «Հնարավոր է՝ երկու-երեք բառ ավել խոսացած լինենք, այդ երկու-երեք բառն այնքան անէական են այդ ժամանակ: Ես, որ ասեմ ո՛չ, ոչինչ չեմ ասել, հնարավոր է, որ անկեղծ չլինեմ»:

Իսկ այն հարցին, թե ոստիկաններին ասե՞լ է, թե ինչ արարքի համար պետք է նրանք Վարդան Գերավետյանին բերման ենթարկեն, Կարեն Մովսիսյանը պատասխանեց, որ ասել է՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930