Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետի խորհրդական, Գյումրու կուլտուրայի բաժնի նախկին վարիչ Հասմիկ Կիրակոսյանը մի հետաքրքիր դրվագ պատմեց Գյումրու փողային նվագախմբի հետերկրաշարժյան գործունեությունից:
Ըստ նրա, երկրաշարժից հետո` 1991 թվականի ձմռանը, երբ Գյումրին լրիվ ավերակ էր, շուրջբոլորը քարուքանդ, մարդիկ անորոշության մեջ էին, անհույս ապագայի հանդեպ, հանկարծ հրավերք են ստանում Ֆրանսիայի Վիլ-Ֆրանշ քաղաքից` օգոստոսին «Եվրոշեփոր» փողային փառատոնին մասնակցելու համար: Հասմիկ Կիրակոսյանին իր մոտ է հրավիրում Լենինականի այն ժամանակվա քաղսովետի նախագահ Կարլեն Համբարձումյանը` հանձնելով մի նամակ: «Կարլեն Համբարձումյանն ինձ ասաց` հը՞ Հասմիկ, սխալ են ուղարկել նամակը, մենք հիմա ի՞նչ կարող ենք անել…Ես մտածեցի ու ասացի` մենք երևի կկարողանանք մասնակցել, նա զարմացած հարցրեց` ինչպե՞ս», -պատմում է Հասմիկ Կիրակոսյանը:
Ըստ նրա, Գյումրին սիրող մի խումբ մարդկանցով ընկել են դռնեդուռ` փողային նավագարանների երաժիշտներին իրար գլխի հավաքելու համար: «Նրանց հավաքեցինք «Տեքստիլագործների» մշակույթի պալատում, ցուրտ, սառնամանիք, հագել ենք բոլորս տաք, ինչքան որ հնարավորություն ունենք, ու մեկս մյուսիս հարցնում ենք` դու ո՞ւմ գիտես: Մեկը հիշում մյուսին, ասում է` գիտեք, էս մեկը երկրաշարժից հետո գնացել է Սուխումի ընտանիքով, մյուսը` Արզնիում է… Ասում եմ` ինչ հնարավորություն ունեք, հավաքեք տղաներին: Մի 10-15 օր հետո զանգում են, թե եկեք, տիկին Կիրակոսյան, հավաքվել ենք: Մտնում եմ` ի՞նչ տեսնեմ. մի մեծ բանակ է հավաքվել. մի 40-50 հոգի տղաներ, որոնց կեսը դատարկաձեռն է եկել, գործիք չունեն, մյուսներն էլ` իրենց ջարդված գործիքներով: Ասի, տղաներ, գիտեք, մեզ հրավիրել են ամռանը մասնակցելու «Եվրոշեփոր» փառատոնին, բոլորը միաբերան` մենք կմասնակցենք, տիկին Կիրակոսյան: Մի խոսքով, այդ ձմեռային ճանապարհը անցավ ահավոր տանջանքով, չարչարանքով, բայց այնքան սիրով ու նվիրումով, որ մի 2-3 ամիս հետո դարձավ երաժշտություն: Առաջին երաժշտությունը «Անուշ» օպերայից էր. «Ամպի տակից ջուր է գալիս» երաժշտությունը նվագեց մեր նվագախումբը»:
Տիկին Կիրակոսյանի պատմելով, այդ հավաքից հետո իրենք նամակ են գրել փառատոնի կազմակերպիչներին` պաշտոնապես հաստատելով իրենց մասնակցությունը: Վերջիններս էլ, իրենց հերթին խնդրել են նվագախմբի անդամների լուսանկարները: «Մենք մեր տելեգրեյկեքով, հին զգեստներով, ջարդված գործիքներով նկարները որ ուղարկեինք, բնականաբար, մենք մերժում կստանայինք, այդ փայլուն Ֆրանսիայում, սիրո կենտրոնում էդպիսի նվագախումբ… Ինչքան էլ ուզում էիր սիրուն նվագել, միևնույնն է` արտաքինի համար չէին ընդունի»:
Կարդացեք նաև
Հասմիկ Կիրակոսյանի պատմելով, հենց այդ ժամանակ գուլպանասկեղենի մասնավոր ֆաբրիկայի մասնաճյուղ էր ստեղծվել, իսկ Աղինի ճանապարհի վրա կոշիկի փոքր ձեռնարկություն էր բացվել, ինքը խնդրել է նասկիներ ու կոշիկներ կարել նվագախմբի տղաներին: Նավգախմբի տղաներին սպիտակ կոստյումներ են կարել տվել, մատիտով նրանց ոտքերն են նկարել թղթի վրա ու տարել են կոշիկի արտադրամաս: «Իհարկե, կոշիկները մոտավոր էին կարվել, մեկինը մեծ էր եղել, մյուսինը փոքր էր ստացվել, բայց Մոխրոտիկի նման սեղմեցին ու հագան, որովհետև պատվախնդրության հարց էր: Եվ մեր նվագախումբը պատրաստ էր, ճանապարհածախսի հարցում մեզ օգնեց Լորիս Ճգնավորյանը»,- հիշում է Հասմիկ Կիրակոսյանը: Նա նաև հիշում է, որ Ֆրանսիայում պիտի նվագեին, որ մուտք ունենային փառատոնին, մեր փողայինը կատարել է «Սասունցիների պարը», որը շատ է դուր եկել մասնակիցներին, մյուս ազգությունները սկսել են դոփել հայերի հետ: Դրանից հետո սկսվել են համերգային այցելություններ ու այսպես ասած քայլք այդ քաղաքի փողոցներում, պիտի պտտվեին ամբողջ փողոցներով: «Մեկ էլ տեսնենք, քայլքի ժամանակ մեր դուբիստը`Արշակը, հետ է ընկել, չի կարողանում քայլել:Հարցրի` ի՞նչ է եղել, ասեց` կոշիկիս հետևը պոկվել է: Տղաները լար ճարեցին, ծակեցին կոշիկի հետնամասը, անցկացրեցին լարը, ձգեցին, գիտե՞ք դա ոնց է ցավեցնում ոտքը, և Արշակը` էդ ծանր գործիքը ձեռքը, էդ ցավոտ ոտքով ամբողջ փողոցներով քայլեց»:


Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































Շատ շնորհակալ եմ եմ հեղինակին, համ կարդում էի, համ արտասվում…
Շատ շնորհակալություն գեղեցիկ հոդվածի և տեսանյութի համար:Իրականում շատ հուզիչ է,իսկ տիկին Հասմիկի անկեղծ խոսքը՝ շատ տպավորիչ: Ափսոս է նման մարդիկ ունեցող մեր երկիրը, որ գնում է դեպի կործանում…
Աննա ջան, մեր երկիրը կործանում չի գնում: Նրանք, ովքեր ուզում են տանեն, իրենք են կործանվելու: Իսկ Հայաստանը նորից ոտքի կկանգնի շնորհիվ Շանթի, Վոլոդյայի եւ նրանց նմանների: Մենք դեռ խոսք ունենք ասելու աշխարհին: