Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ ստորաբաժանման 12 աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով այսօր դատարան ներկայացած վկաներից Արա Հայրապետյանը հայտնեց, որ կնոջը աշխատանքի են ընդունել 2012թ. որպես դատական կարգադրիչ, գրավոր դիմել է պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանին, սակայն մի քանի օր հետո զանգել են, զգուշացրել, որ առողջական խնդիրների հետ կապված նա չի գնա աշխատանքի: 2 տարի անց՝ այս տարվա հունիսին դիմում են գրել՝ կնոջը աշխատանքից ազատելու համար:
Մեղադրողի հարցին, թե ինչո՞ւ 2 տարի հետո դիմում գրեց, վկան ասաց, որ «խառնված ենք եղել, ժամանակ չի եղել»: Մեղադրողը հակասություններ տեսավ նախաքննության ժամանակ տրված եւ դատարանում տրված ցուցմունքների մեջ, մասնավորապես՝ այս վկան հայտնել էր, որ «Գեղամ Գրիգորյանը հորդորել է, որ կինը աշխատանքի չգնա, ստաժի հետ կապված»: Վկան հայտնեց, որ ցուցմունքը գրել է քննիչը, համակարգչով եւ որ Գ. Գրիգորյանը ոչինչ իրեն չի հորդորել, ինքն է 2 տարի առաջ դիմել նրան՝ կնոջը աշխատանքի ընդունելու հետ կապված:
Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին՝ որտե՞ղ է կինը գտնվում, վկան պատասխանեց՝ Ղարաբաղում: Դատավորը ռեպլիկի կարգով նկատեց, թե այս գործով վկաներից շատերը, չգիտես ինչու, Ղարաբաղում են գտնվում:
Կարդացեք նաև
Դատարան ներկայացած Էլյա Դավթյանը այդպես էլ չպատասխանեց, թե ով, ինչպես, ինչ ժամանակով, ինչ պայմաններով է իրեն ընդունել աշխատանքի Շենգավիթի դատարանում որպես դատական կարգադրիչ:


Այս վկային 6-րդ վարչությունը բերման էր ենթարկել հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, իսկ նրա հարցաքննությունը եղել էր գիշերվա ժամը 4.30-ից մինչեւ 5.15: Միսակ Մարտիրոսյանի հարցին՝ ինչո՞ւ մնացիք այդքան, վկան պատասխանեց՝ չթողեցին: Այն հարցին, թե կարո՞ղ էիք դուրս գալ, վկան պատասխանեց՝ ոչ:
Ի դեպ, այս վկային պահել են 14 ժամ: Ըստ նրա՝ սպասել են, որ քննիչը գար եւ նախաքննության ժամանակ նա հայտնել էր, որ իրեն Արմեն Պետրոսյանը իր աշխատասենյակում ասել է, որ ուզում է ցուցմունք տալ, թե աշխատանքի է ընդունվել 1000 դոլար կաշառք տալով: Վկան դատարանում ասաց, որ ինքը անլուրջ է համարել եւ իրեն հետագայում չի հետաքրքրել Ա. Պետրոսյանի ասածը:
Դատարանը հրապարակեց Միսակ Մարտիրոսյանի եւ այս վկայի միջեւ առերես հարցաքննության արձանագրությունը: Հարցաքննությունը եղել էր 2013թ. հոկտեմբերի 13-ին: Մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ























































