Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մայիլյան. «Այս քաղաքական արկածախնդրությունը հղի է հայոց ինքնիշխան պետության կորստով»

Դեկտեմբեր 01,2014 10:53
Aram Mayilyan

ՀՀ Գերագույն խորհրդի հարգելի՛ պատգամավորներ,

Պատմական դեպքերի օբյեկտիվ զարգացման ընթացքում մեզ և մեր սերնդին բախտ է վիճակվել առանձնահատուկ դեր ունենալ հայ ժողովրդի և Հայաստանի պատմության մեջ. կատարել քաղաքական որոշիչ քայլեր՝ թելադրված մեր նախնիների հավերժական կանչով ու սեփական պետություն ունենալու բազմադարյա երազանքով: Եվ մենք այդ որոշումներն ընդունեցինք ժողովրդական լայն զանգվածների ձգտումների հիման վրա, քաղաքական խորազնին վերլուծությունների և ճշգրիտ հաշվարկների արդյունքում:

Մենք Հայաստանի գերագույն իշխանության այն ներկայացուցիչներն ենք, ովքեր, օժտված լինելով ժողովրդի լայն զանգվածներից ստացած իրավունքով, միս ու արյուն են տվել Հայաստանի անկախ պետության կայացմանը: Հիշեցնեմ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունել ենք Հայաստանի անկախ պետականության համար ուղենիշային Անկախության Հռչակագիրը, ապա՝ 1991 թ. սեպտեմբերի 23-ին՝ հենվելով Անկախության հանրաքվեի արդյունքների վրա՝ Հայաստանը հռչակել ենք անկախ պետություն: Եվ այդ ոգով էլ ընդունվել Է ՀՀ օրենսդրությունը, իրականացվել պետական շինարարությունը:

Այդ հիրավի պատմական որոշումներն ու փաստաթղթերը վերանայման ենթակա չեն և վաղեմության ժամկետ չունեն: Դրանք մշակվել, գրվել և ընդունվել են դարերի համար, և որևէ իշխանություն, բացի հայ ժողովուրդը իր միասնական կամքն արտահայտող հանրաքվեով, չի կարող փոփոխության ենթարկել Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքական որոշումները և Հայաստանը մղել դեպի այնպիսի վերազգային կառույցներ, որոնք ստվեր կգցեն մեր ինքնիշխանության վրա: Այն իշխանությունը, որը կփորձի նման քայլի դիմել, ի սկզբանե օրենքից դուրս է:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը, որն իրականացնելու համար ներկա իշխանությունները ջանք չեն խնայում, ամբողջովին հակասում է հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերին, քանզի հակասում է այն հիմնարար սկզբունքներին, որոնք ամրագրված են մեր ընդունած ուղենշային և հիմնարար փաստաթղթերում:

Ես իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ այդ քաղաքական արկածախնդրությունը հղի է հայոց ինքնիշխան պետության կորստով, քանի որ դառնալով այդ կազմակերպության անդամ՝

–  Հայաստանի արտաքին քաղաքականության գործառույթների մի զգալի մաս անցնում է կազմակերպության նախաձեռնող երկրին՝ Ռուսաստանին,

–  Հայաստանի օրենսդրությունը փոփոխվում է՝ հարմարեցնելով անդամ երկրների օրենսդրությանը,

–  Հայաստանի տնտեսությունը ամբողջովին կախման մեջ է դրվում կազմակերպության ԵՏՄ նախաձեռնող երկրի՝ Ռուսաստանի տնտեսությունից,

–  Հայաստանի Հանրապետությունը զրկվում է սեփական դրամական միավորից,

–  Հայաստանի զինված ուժերը տարալուծվում են կազմակերպության առաջատար երկրի՝ Ռուսաստանի զինված ուժերի մեջ,

–  Նսեմանում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի դերը:

Հարգելի՛ գործընկերներ,

 

Այս իրավիճակում լռելը նշանակում է հրաժարվել մեր սկզբունքներից ու համոզմունքներից: Նշանակում է Հայաստանի ապագան հանձնել բախտի քմահաճույքին և արկածախնդրությանը:

Կոչ եմ անում ցուցաբերել անկախ պետության հիմնադիր հայրերին արժանի վարք՝ կրկին լինենք առաջին շարքում, նույն եռանդով պաշտպանենք հայ ժողովրդի ու Հայաստանի շահը:

Ժամանակն է ցույց տալ, որ մեր ստորագրությունները իրենց ուժը չեն կորցրել, որ երկիրը եղել է մերը՝ մեր ժողովրդինը ու հիմա էլ մերն է՝ մեր ժողովրդինը:

 

 

Արամ Մայիլյան

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի պատգամավոր,

Անկախության հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031