Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. «Հայաստանի քաղաքական վերնախավը Անկախության առաջին օրվանից որդեգրել էր հայկական պետության ինքնիշխանությունը ինչ-որ մեկին հանձնելու քաղաքականություն»

Դեկտեմբեր 12,2014 16:48

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը վերլուծեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը, ամփոփեց 2014 թվականի քաղաքական դաշտը եւ խոսեց հետագա զարգացումների մասին:

«2014 թվականի գլխավոր իրադարձությունը, որը երեւի բացասական նստվածք կունենա առաջիկա տարիներին, Հայաստանի անդամակցությունն է Եվրոպական տնտեսական միությանը, անդամակցելու որոշմանն աջակցությունը թե քաղաքական վերնախավի, այդ թվում նաեւ` ընդդիմության հատվածի կողմից եւ այն ձեւը, որով այդ որոշումը Հայաստանին պարտադրվեց: Սրա իմաստավորմանը պետք է դեռ երկար ժամանակ տանք` խնդրի էությունը հասկանալու եւ լուծում գտնելու համար: Իսկ խնդրի էությունն իմ կարծիքով այն է, որ Անկախության առաջին օրվանից Հայաստանի քաղաքական վերնախավը որդեգրել էր հայկական պետության ինքնիշխանությունը ինչ-որ մեկին հանձնելու քաղաքականություն: Այսինքն, մենք չենք կարող մեր հարցերը լուծել, մենք չգիտենք ինչպես կառուցել, ինչ-որ մեկը մեզ պետք է սովորեցնի, խորհուրդներ տա, ինչ-որ մեկի հանձնարարությունը պետք է կատարենք, նրա անվտանգությունից, նրա առաջարկած ծառայություններից օգտվենք: Ու դրա համար պետք է մտնենք վերպետական ինչ-որ կառույցի մեջ:

Քանի որ Խորհրդային Միությունը նոր էր քանդվել եւ նրա բեկորները շարժվում էին դեպի Արեւմուտք, Հայաստանը նույն ոճով շարժվում էր նույն ուղղությամբ` առանց մտածելու, թե դա ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Հետեւանքն այսօր ակնհայտ է: Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը: Եվ երբ կորցնում է, այլեւս չի կարող որոշել ում ենթական, վասալը լինի: Նրա փոխարեն որոշում են արդեն տերերը իրենց մրցակցության մեջ: Այնպես ստացվեց, որ Ռուսաստանն այս փուլում որոշեց ձեռնոց նետել Արեւմուտքին եւ դրա դրսեւորումներից մեկը եղավ Հայաստանի ստիպողաբար անդամակցությունը ԵՏՄ-ին: Իհարկե, կարելի է դատողություններ անել, թե այդ միությունը որքանով է մեռելածին կառույց, ինչ կենսունակություն ունի ինչ-որ ժամանակաշրջանի համար: Բայց հարցը դա չի: Նույնիսկ եթե վաղն իմանանք, որ ԵՏՄ-ն քանդվելու է, միեւնույն է, Հայաստանի` ինքնիշխանությունից հրաժարվելու փաստը դրանից չի վերանալու: Այսինքն, կթուլանա՞ Ռուսաստանը, Հայաստանը նորից կընկնի Արեւմուտքի գիրկը, նորից կգնա Եվրամիության հետ ինչ-որ նախապայմաններով համաձայնագրեր ստորագրելու եւ կարժանանա ավելի վատ վիճակի, քան ԵՄ, այսպես ասած, աղքատ անդամները, որոնք տնտեսական շատ ծանր ճգնաժամ են ապրում հենց Եվրամիությանն անդամակցելուց հետո», – ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031