Լրահոս
Օրվա լրահոսը

Իվան Կուխտա. «Մարտական գործողությունները Ուկրաինայում կդադարեն, եթե կատարվեն Մինսկի համաձայնագրի պայմանները»

Փետրվար 02,2015 15:54

«Այս կոնֆլիկտում երեք կողմ կա. առաջինը Լուգանսկի, Դոնեցկի անօրինական զինված ուժերն են, մյուսը Ուկրաինայի կոմպետենտ մարմինները` ոստիկանություն, զինված ուժեր: Իսկ երրորդ կողմը Ռուսաստանի Դաշնությունն է»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Քաղաքական զարգացումները Ուկրաինայում և հայ-ուկրաինական հարաբերությունները» թեմայով ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Ըստ նրա` մարտական գործողությունները Ուկրաինայում կարող են դադարել, եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Լուգանսկի զինված խմբավորումները, կատարեն Մինսկի համաձայնագրի պայմանները:

Հարց հնչեց` արդյոք այդ համաձայնագրի պայմանները իրենց ուժը չե՞ն կորցրել, պարոն Կուխտան պատասխանեց. «Դրանք իրենց ուժը չեն կորցրել և հրավիրում են ողջ միջազգային հանրության ուշադրությունը. եթե բոլոր կողմերից այդ պայմանները ի կատար ածվեն, իհարկե, խաղաղություն կհաստատվի և պատերազմը կավարտվի»:

Դեսպանը հատուկ շեշտեց, որ ուկրաինական հակամարտության և ողբերգական գործողությունների երրորդ կողմը Ռուսաստանն է. «Միջազգային բոլոր մարմինները հայտարարում են, որ այս հակամարտության մեջ ակտիվ մասնակցություն ունի ՌԴ-ն: ՌԴ-ն դե յուրե չի խոստովանում, դե ֆակտո այն զինում է ահաբեկիչներին: Եվ ԱՄՆ-ն, և եվրոպական պաշտոնյաները, ողջ միջազգային հանրությունը հայտարարել է, որ այս հակամարտության մեջ երրորդ կողմը Ռուսաստանն է»:

Դեսպանը հայտարարեց, որ Ուկրաինայում կատարվածը ողբերգություն է, քանի որ մահացել են խաղաղ բնակիչներ, որոնք ոչ մի կապ չունեն ռազմական գործողությունների հետ: Նա նաև տեղեկացրեց, որ Ուկրաինայի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի պատերազմական շրջանների կենսագործունեությունը պահպանվի՝ նպաստների, թոշակների, ջերմության, հոսանքի տեսքով: Սակայն այն տարածքները, որոնք գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ, սոցիալական վճարները չեն կարող իրականացնել, քանի որ բանկեր չեն գործում և այդ տարածք մտնող գումարները չեն կարող վերահսկվել:

Իվան Կուխտան նշեց, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը բացվել է ցավակցությունների գիրք, որտեղ իրենց ցավակցությունն են հայտնել ՀՀ հասարակական-քաղաքական, մշակույթի ոլորտի մարդիկ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728