Կալիֆոռնիայի ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի սան Ջոն Քայաչանի լուսանկարներն ընտրվել են Գերմանիայում այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացվելու համար:

Հիանալով այնպիսի տարբեր լուսանկարիչների աշխատանքներով, ինչպիսիք են Էնի Լեյբովիչն ու Բրյուս Վեբերը՝ Քայաչանը փորձարկում էր լուսանկարչության տարբեր ոճեր, քանի որ ավագ դպրոցի սկզբում իր հետաքրքրությունն աճեց լուսանկարչության ուսուցիչ Ֆադի Բեյրութիի խրախուսման շնորհիվ: Փորձարկումը ոճի շուրջ աստիճանաբար վերածվեց փորձարկման թեմայի շուրջ, երբ Քայաչանը որոշեց ստեղծել «գաղափարային» հավաքածու՝ նպաստելով իր հայկական ժառանգությանը:
«Ես ուզում էի հավաքածու ստեղծել՝ ոգեշնչված իմ մշակույթով, եւ ներառել հայկական խորհրդանշաններն իմ նկարների մեջ: Ես իմացա ցեղասպանության մասին դպրոցում եւ մտածեցի, որ ճիշտ կլինի հայոց պատմության շուրջ պտտվող մի ծրագիր սկսել»,- ասում է 17-ամյա Քայաչանը:
Կարդացեք նաև
Ծնված լինելով Կալիֆոռնիայում՝ լատինաամերիկուհի մոր եւ թուրքահայ հոր ընտանիքում, Քայաչանը մեծացել է պատմություններ լսելով ցեղասպանության մասին թե՛ տանը, թե՛ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցում, ուր հաճախել է դեռ նախադպրոցական տարիքից: Նրա հետաքրքրությունը պատմության եւ արվեստի հանդեպ աճեց, երբ լուսանկարների հավաքածու ստեղծելու գաղափարը հստակ ուրվագծվեց: «Կարծում եմ, որ տեսողական արվեստը հնարավորություն է տալիս մեզ հասկանալու պատմությունն այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք չի կարող բացատրել: Այն ունի կրթելու ուժ՝ ներդնելով այն պատկերը, որը դեռ երկար է դիտողի մտքում մնում»,- ասում է Քայաչանը:


Իր գործունեության մեջ «Աննա Ֆրանկի» հիմնադրամը շեշտում է մարդու իրավունքները եւ խրախուսում երկխոսությունը տարբեր մշակույթների միջեւ: Նրանք ոգեշնչվել են Աննա Ֆրանկի օրագրից եւ կենսագրությունից ՝ սերմանելով հանդուրժողականություն եւ պատմելով մարդկանց խտրականության հետեւանքների մասին:
Քայաչանի լուսանկարներից տասնհինգը կցուցադրվեն «Աննա Ֆրանկի» հիմնադրամում 2015 թվականի փետրվարի 11-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ ինքը՝ Քայաչանը, ով այս գարնանը կավարտի «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցը, հույս ունի, որ այս ցուցահանդեսը կլինի առաջինը, բայց ոչ վերջինը իր կյանքում, քանի որ պատրաստվում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալ: Քայաչանն իր աշխատանքն ընկալում է նաեւ որպես իր արմատների հետ ունեցած խորը կապի ավելի հասուն դրսեւորում: «Ես կավարտեմ հայկական դպրոցը եւ քոլեջ կընդունվեմ շուտով, որտեղ հավանաբար հեռու կլինեմ այն հայկական համայնքից, որի մեջ մեծացել եմ: Բայց իմ լուսանկարչության շնորհիվ, կարծում եմ, չափահասության տարիք կմտնեմ հայկական ինքնության ավելի ուժեղ զգացողությամբ»:
Հոդվածի ազատ թարգմանությունը՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան
վարժարանի կայքէջից


















































