Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինելն» այս աշխարհում միակ պատասխանն է

Փետրվար 09,2015 13:00

Արթուր Էլբակյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով

Արթուր Էլբակյանը սերնդակիցս է, որի հետ բաժին ունեի ապրելու նեղությունների, պատերազմական թոհուբոհի, հայ մարդու համբերության չափաքանակը զննող ժամանակներ: Սակայն Աստված առատ էր Իր Ողորմությամբ եւ ժամանակներն այդ լի էին Շնորհքի, մեծ հույսի եւ մեծ հաղթանակի կայացմամբ: Այդ տարիներին էին, որ ծնվեցին Սոս Սարգսյանի «Համազգային թատրոնը» եւ Արթուր Էլբակյանի «Թատրոն 13-ը»: Ի հակառակ մեր բաժին փորձությունների, այս երկու խենթ արվեստագետները հիմնում են թատրոն, որոնցից մեկն իր առաքելությամբ պահպանում եւ պահանջում է հայրերի հոգեւոր ավանդույթը, մյուսն ազդարարում նոր սերնդի լավագույնս ապրելու եւ նորը կերտելու իրավունքը: Համախմբվում են մեծ ու փոքր, ոգեշնչում, լուսավորում մթում ու ցրտում տագնապած ժողովրդին՝ հայրական սիրով քաջալերում եւ երիտասարդական ավյունով հեռացնում տրտունջն ու հուսալքությունը: Բոլորը գիտեն Սոս Սարգսյանի ավանդը, սակայն բոլորս նաեւ հիշում ենք Արթուրի նման մեր առաջին խենթ նորարարներին, որոնք զարմանալի համարձակությամբ այդ տարիներին վարակում էին իրենց հավատով եւ գործում էին ոչ միայն խոսքով, այլ գործունեությամբ, ստեղծելով նոր մշակույթ, որն էլ պիտի անկյունաքարը լիներ հետագա ստեղծագործական հաղթանակների:

Այդքան անհրաժեշտ իրենց առաքելությամբ այս մարդիկ պահում էին «թիկունքը», պահելով հավատը վաղվա օրվա հանդեպ, հավատը հաղթանակի հանդեպ: Այդ էր պատճառը, որ ես ինքս էլ հեշտությամբ հաղթահարեցի ծանր տարիների բեռը: Արթուր Էլբակյանը ոչ միայն այդ ժամանակվա ամենահետաքրքիր էքսպերիմենտալ ներկայացումներով թատրոն ստեղծեց, այլ հեռուստաեթերը լցրեց անկրկնելի, հետաքրքիր հաղորդաշարերով, եւ ավելին, քաղաքը լցրեց Ջազով, ցանկալի երաժշտությամբ եւ այդ ամենն էլ այն քաղցր միջոցներից էր, որ համբերել էր տալիս բոլորիս, մինչ քաղաքը կապրեր իր հաղթանակը: Երջանիկներից մեկն եմ եղել, որը հաճախ էր մեր քաղաքում հանդիպում այդ լավատես, անկոտրում, խենթ սիրահարին, որը թվում էր՝ մղում է իր սեփական պատերազմը, պատերազմ մշակույթի դաշտում, ուր մեծ հանդգնություն էր այդ տարիներին բախվել կարծրատիպերին, սակայն Արթուրը վարակում էր իր անտրտունջ հավատով ու համառությամբ: Զարմանալիորեն անգամ այդ տարիներին Արթուրի սիրտը առատ էր սիրով, իսկ խենթ, չարաճճի հայացքը միշտ հուշում էր, որ նոր նախաձեռնությամբ է համակված: Թեեւ շատերին անհասկանալի էին նրա դրսեւորած հնարամտությունները, սակայն գուցե հոգու մի ներքին պահանջով բոլորս ձգտում էինք դեպի Արթուրը, դեպի այդ հազվադեպ հանդիպող լուսավոր մարդը:

Ծանր տարիներին հաջորդեց ցանկալի հաղթանակը եւ քանի դեռ այն ապահովված էր, Արթուրը կարծես թողեց իր առաքելությունը եւ հեռացավ քաղաքից: Թեեւ հաջորդեցին վերակառուցման նոր ժամանակներ, ցավոք, հաղթանակի ապահովումը բավարար չեղավ այն պահպանելու եւ վերարժեւորելու, եւ հիմա, երբ կրկին երկիրս լցված է վհատությամբ, երբ թելադրող միջակությունն ու թանձրամիտ պաշտոնյաներն ամեն գնով ավերում են հայ մարդու հոգեկերտվածքը, հասկանում ենք, որ բոլորս ծարավ ենք Արթուրի պես պայծառ, ոգեկոչ գաղափարներով մարդկանց: Ի ուրախություն բոլորիս՝ հանկարծ նորից լսում եմ Արթուր Էլբակյանի մասին, լսում նրա կոչը՝ վերադառնալու դեպի ինքդ քեզ, «Լինել, թե չլինելու» մշտատանջ հարցման «Լինելը» ընտրելու որպես հավերժ հրամայական: Երբ լսեցի, որ Արթուրն անգամ օտար ափերում հայերեն լեզվով օտարին դասեր է տալիս, ստանում նրա համակրանքը, հասկացա, որ նրա ոգին մինչ օրս անկոտրում է եւ սիրտս լցվեց հպարտությամբ ու կրկին վարակվեցի իրեն հատուկ համառ լավատեսությամբ:

Թեեւ Արթուրը գիտե ժամանակների լրումն ու իրեն տրված առաքելության կարեւորությունը, նույնիսկ առաջին անգամ հայ արտիստի մասնակցությունը Նյու Յորքում տեղի ունեցած «United Solo Theatre» փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակն ու փառատոնի «Ժյուրիի հատուկ մրցանակ»-ը ստանալը շատ փոքր վարձք եմ համարում Արթուրի համար, քանի որ նա ավելին է մեզ համար, քանի որ նրա դերը մեր կյանքում եւ հայ արվեստում ավելի պիտի արժեւորվի մեր հայրենիքի գնահատանքով: Հավատում եմ՝ կգա Արթուրի եւ իր հետ երազած սերնդակիցներիս հուսացած ժամանակները, երբ երկար դեգերումներից հետո բոլորս մեր սիրած քաղաքում կշրջենք եւ կվայելենք բոլոր թվերն ու ժամանակները հաղթանակած մեր երազած քաղաքը: Մի օր բոլորը կվերադառնան, որովհետեւ երազանքն այստեղ է ծնվել եւ այստեղ էլ իրական է դառնալու, որովհետեւ «Լինելն» այս աշխարհում միակ պատասխանն է, որի համար ճգնում են բոլոր ազգերն ու դավանանքները եւ որի արժանապատիվ իրավունքն էլ ի վերջո ստանում են Արթուրի նման բոլոր խենթ սիրահարները:

ԿԱՐԻՆԵ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
դերասանուհի

Լուսանկարում` Արթուր Էլբակյանը՝ Սոս Սարգսյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728