Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող հասնեն գնդակին» (Տեսանյութ)

Փետրվար 13,2015 02:33

ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը միանգամից հայտարարեց, որ հարցերի չի պատրաստվում պատասխանել, այլ ունենալու է ելույթ-կարծիք, որը համընկնում է իր կուսակցական գործընկերների կարծիքի հետ եւ որը  կստեղծի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի, եւ  խորհրդի նիստերի պատկերը:

«Մենք խորին համոզմունք ունենք, որ քաղաքականությամբ պետք է բացառապես զբաղվեն քաղաքական գործիչները եւ անթույլատրելի է քաղաքականության մեջ եզրագծից դուրս գալը, կոռեկտությունից  դուրս հայտարարություններ անելը, քաղաքականությունը վերածել թայֆաբազության, քաղաքականությունը վերածել շուկայի, եւ շատ վտանգավոր է, որ քաղաքականությամբ զբաղվում են գործիչներ, ովքեր կորցրել են չափի զգացողությունը»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը, ավելացնելով, որ   արդեն երկու շաբաթ է, բոլորը սպասում էին իրենց կուսակցության գնահատականին,- հայտնի հռետորն ասում էր, որ գնդակը իշխանության դաշտում է, հիմա իշխանությունը գնդակը տշել է, թող հասնեն  գնդակին»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք իրենց կարծիքը հստակ ասել են՝ տգիտությունը, կիսագրագիտությունը, զոռբայությունը, միլիարդներով հարցեր լուծելը, պոպուլիզմը, դեմագոգիան տեղ չունեն քաղաքականության մեջ:  «Սա պետություն է, սա հայրենիք է, որտեղ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ հարգանքի հիման վրա: Եւ քաղաքականության մեջ չպետք է ունենան տեղ այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը շփոթում են բիզնեսի հետ կամ այլ խաղերի հետ: Բազում անգամներ Հանրապետականները հնչեցրել են բացառապես քաղաքական գնահատականներ, բայց մենք տեսել ենք, որ քաղաքական գնահատականներին ոչ թե պատասխանել են քաղաքական գնահատականներով, այլ պատասխանել են անձնական վիրավորանքներով: Եկել է ժամանակը, երբ որ ասել ռուսին՝ Все точки надо поставить над и: Եկել է իրերն իրենց անուններով  կոչելու ժամանակը, եկել է սթափության ժամանակը»,- ասաց պարոն Շարմազանովը՝ ավելացնելով, որ շատերը կասեն՝ հանդուրժող եղեք, սակայն իրենք անհանդուրժող են բոլոր այն երեւույթների դեմ, որոնք դեմ եմ քաղաքակրթության կանոններին:

« Մենք քրիստոնյան ենք, բայց «Սուրբ գրքում» հստակ գրված է՝ «Խոզերի առջեւ մարգարիտներ չեն փռում»: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բացառապես քաղաքակիրթ, քաղաքական ընտրապայքարի եւ մրցապայքարի կողմնակից է: Մենք պատրաստ ենք լսելու սուր քննադատություն, մենք պատրաստ ենք լսելու շատ սուր քննադատություն, բայց մենք պատրաստ չենք լսելու անձնական վիրավորանքներ: Մենք գտնում ենք, որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ Հայաստանի շահերից է բխում, որպեսզի սկսենք մաքուր էջից, եւ բոլոր ապաքաղաքական էլեմենտները դուրս մղվեն քաղաքական դաշտից: Հանրապետականը իննսուն թվականին ստեղծվել է ոչ թե նրա համար, որ քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ մարգարեների տեղ դնեն, որ քաղաքական ավանտյուրիստները իրենց կեղծ փրկիչների տեղ դնեն: Սա պետություն է, որն ունի բազում  մարտահրավերներ, եւ մեր պետության համար, նաեւ ձեր համար մեծ շռայլություն է, որ քաղաքականության մեջ գործում է ոչ թե քաղաքականության կանոն, այլ թայֆաբազություն, զոռբայությունը, անգրագիտությունը, տգիտությունը: Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով»- ասաց պարոն Շարմազանովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ի այս քայլը ուղղված չէ որեւէ անձի դեմ, այն ուղղված է երեւույթի դեմ: «Մենք էլ ունենք մեր մեղքի բաժինը եւ դրանից ելնելով առաջ ենք շարժվում»,- եզրափակեց իր խոսքը ՀՀԿ մամուլի խոսնակը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728