Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կշահի Հայաստանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցությունից

Փետրվար 13,2015 17:39

Ռուսաստանը Հայաստանին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու պարտավորություններ ունի, այդ իսկ պատճառով, եթե Ադրբեջանական կողմը սկսի գնդակոծել հայկական սահմանը, ապա Մոսկվան այդ կոնֆլիկտում խառնվելու բոլոր հիմքերն ունի: Այս մասին այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված այն պայմանագրին, որի արդյունքում Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել մեծ քանակությամբ զինամթերք, եւ այն դիտարկմանը, թե այս համագործակցությունն ուղղված է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի՝ ռազմական փորձագետը պատասխանեց, որ այստեղ հակասություն կա. «Շատ ավելի լավ կլիներ, եթե Ռուսաստանը դադարեցներ Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը, բայց ինչպե՞ս սրանից կշահեր Հայաստանը: Բաքուն, միեւնույն է, զինամթերք կգներ այլ երկրից եւ իր զինվորներին մարտական պատրաստության կուղարկեր մեկ այլ երկիր: Այս դեպքում ռազմական ոլորտում Մոսկվան ոչ մի ազդեցություն չէր ունենա Բաքվի վրա: Հիմա էլ կա որոշակի կախվածություն Ռուսաստանից, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել , օրինակ, զինամթերքի մատակարարման դադարեցման ճանապարհով: Բաքվին այսպիսի զսպման ճանապարհը բխում է Հայաստանի ազգային շահերից»:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ ԵԱՀԿ Մինսկի Խմբի գործունեությունից այն պարագայում, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարված հարաբերություններ են Վլադիմիր Եվսեևը պատասխանեց, որ ներկայումս Ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներ չկան եւ որ ավելի խելամիտ կլինի համաձայնության գալ ներկայիս ստատուս քվոյի պահպանման շուրջ. «Սակայն ադրբեջանական իշխանությունները համաձայն չեն դրա հետ եւ տանում են դեպի բախումների սրացումը»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակամարտությանը, ապա, ըստ փորձագետի, դրանք ամենաքիչն են ազդում, քանի որ Մինսկի խմբի ներսում չկա միասնությունը. «Համանախագահներից յուրաքանչյուրն ինքնուրույն է աշխատում: Իհարկե, եթե ԵԱՀԿ-ն կարողանա կարգավորել Ուկրաինայում տեղի ունեցած հակամարտությունը, ապա նաեւ կազդի Ղարաբաղյանի խնդրի լուծման վրա: Սակայն Մինսկի խումբը անկախ կառույց չէ: Ուկրաինական ճգնաժամի լուծման պարագայում այն ուշադրություն է դարձնում միայն այն բանի վրա, թե ինչ է պետք ԱՄՆ-ին, եւ որոշ չափով Գերմանիային»:

 

Պատրաստեց Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728