Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր սերունդի» հայցի քննությունը՝ ընդդեմ «Իրավունք» թերթի

Մարտ 11,2015 14:30

«Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Իրավունք» թերթի: Դատական նիստերն ընթանում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հայցվոր կողմի ներկայացուցիչն է փաստաբան Մարո Խաչատուրյանը, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը՝ փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նախագահող դատավորն է Ռուբեն Ափինյանը (լուսանկարում):

«Նոր սերունդ» հասարակական կազմակերպության տնօրենն է Սերգեյ Գաբրիելյանը:
Հայցադիմումում վիճարկվում է «Իրավունք» թերթում տպագրված հոդվածը՝ «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով: Հոդվածագիրը, ըստ «Առավոտի» զրուցակից՝ հայցվոր կողմի ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանի, «խտրականության եւ ատելության կոչեր է արել», ինչպես նաեւ գործածել է վիրավորական բառեր «Նոր սերունդ» կազմակերպության հասցեին: «Հոդվածում տեղ են գտել հետեւյալ վիրավորական արտահայտությունները. ա) համասեռամոլների գրանտածիծ պաշտպաններ:

Այդ արտահայտությունը տեղ է գտել հոդվածի վերնագրում, որի ամբողջական տեսքն է` «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում»: Նշված արտահայտությունում որպես փաստացի տեղեկատվություն նշված է պետական աջակցություն ստանալը: Ինչպես երեւում է հոդվածից, խոսքը ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից հայցվորին շնորհակալագրով խրախուսելու մասին է: Սակայն այդ փաստը որեւէ կապ չունի ոչ նույնասեռականների, ոչ էլ նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի հետ: Այսինքն, չկա փաստական հիմք, որ հայցվորը պետությունից ստացել է դրամաշնորհ նույնասեռականներին ուղղված ծրագրեր իրականացնելու համար, որը հիմք կտար լրագրողին կատարելու նման եզրահանգում»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Մարո Խաչատուրյանը:

Հոդվածում, մասնավորապես, հարցում է արվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարին եւ նրա միջոցով շեշտը դրվել է «Նոր սերունդ» կազմակերպությանը, որով լրատվամիջոցը կասկած է հայտնել կազմակերպության՝ արժանիքների եւ հասարակական նշանակության առնչությամբ:

Տեղեկացնենք, որ նշյալ կազմակերպության տեղեկացմամբ, իրենց խնդիրն է աջակցել երիտասարդներին ցանկացած իրավական հարցերով՝ առանց որեւէ խտրականության կամ ատելության ձեւերի: Կազմակերպությունում անցկացվում են իրավախորհրդատվություններ: «Այդ հանգամանքն է, որ «Իրավունք» թերթում տեղ գտած հոդվածն ատելության ձեւեր է արտահայտում «Նոր սերունդ» կազմակերպության նկատմամբ եւ զարմանք արտահայտում առ այն, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից հայցվորը ճանաչվել է տարվա լավագույն կազմակերպությունը»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Մարո Խաչատուրյանը:

«Առավոտի» այն հարցին, թե՝ արդյո՞ք դիմել եք «Իրավունք» թերթի խմբագրությանը, որպեսզի պարզաբանում ստանաք նյութում տեղ գտած արտահայտությունների համար, որտեղ նկատվում է խտրականության մոտեցում, Մարո Խաչատուրյանը պատասխանեց. «Այն, որ մենք գրավոր դիմել ենք «Իրավունքի» խմբագրությանը պարզաբանում անելու համար, թե ի՞նչ հիմունքով են հոդվածում գործածել խտրականություն քարոզող բառեր, ատելության ձեւեր, ինչպես նաեւ պահանջեցինք, որ ներողություն խնդրեն հրապարակած նյութում տեղ գտած վիրավորանքների համար, որն ուղղված էր ընդդեմ միասեռականների, այդպես էլ պատասխան չստացանք եւ դա է եղել պատճառը, որ հարցը կարգավորելու համար բարձրաձայնել ենք դատարանում»:

Մարո Խաչատուրյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց նաեւ, որ դատարանի անաչառության հարցում կասկածամտություն է առաջացել, քանի որ դրա համար ունի իր պատճառները: «Նիստի ժամանակ դատավորը հարցրեց՝ «Համասեռամոլների գրանտածիծ պաշտպաններ… ի՞նչն է դրա վիրավորական»: Սրանով, փաստորեն, մեր մեջ ողջամիտ կասկած է առաջանում դատարանի անաչառության նկատմամբ, քանի որ դատարանը նախապես գնահատական է տալիս գործի փաստերի մասին՝ առանց ապացույցների հետազոտման»,- պատմում է Մարո Խաչատուրյանը:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը՝ Մարո Խաչատուրյանը հավելեց. «Գործի ամբողջ քննությունն անցավ պարզելով պատասխանող կողմի գիտելիքները «պացեֆիստ հայ գրողների եւ հռոմեացի կեսարների» մասին: Երբ ավարտվեց պատմության դասը, հարցրեցի՝ կարո՞ղ եմ դատարանին ներկայացնել փաստաթղթեր, որոնք փաստարկներ են եւ հիմնավորում են պատասխանող լրատվամիջոցի դիտավորությունը եւ նրա կողմից տարվող քաղաքականությունը նույնասեռականների եւ «Նոր սերունդ» կազմակերպության նկատմամբ, դատարանը հրաժարվեց ընդունել փաստաթղթերը, որոնք իրենցից ներկայացնում էին՝ «Իրավունք. քոմ» ինտերնետային կայքով հրապարակված հոդվածներ: Այդուհետեւ հարցրեցի՝ ի՞նչ պատճառաբանությամբ է դատարանը մերժում իմ փաստարկների ընդունումը, դատարանը պատասխանեց, որ այդ փաստարկները կապ չունեն հայցի հիմքերի հետ: Խնդիրն այն է, որ հայցի հիմքերը եւ դրանք հիմնավորող փաստարկները հայցվորն է որոշում, հետեւաբար՝ դատարանը իրավունք չուներ չընդունելու դրանք, մանավանդ որ, իմ կողմից շեշտադրվեց՝ դրանք ներկայացվում են որպես փաստարկներ, ոչ թե որպես ապացույցներ»:

Մարո Խաչատուրյանը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել, քանի որ համոզված է, որ դատարանի բերած պատճառաբանություններն անհիմն էին ու այն էլ՝ բանավոր: «Պատրաստվում եմ նաեւ կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացնել համապատասխան մարմիններին: Դատարան եմ ներկայացնելու նաեւ ինքնաբացարկի միջնորդություն, քանի որ դատավոր Ռուբեն Ափինյանը խտրական վերաբերմունք ունի հայցվոր կողմի նկատմամբ, որը պայմանավորված է նույնասեռականների հանգամանքի հետ»,- շեշտում է Մարո Խաչատուրյանը:
«Նոր սերունդի» հայցադիմումի նախնական դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 12-ին:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031