«Այս պահին մենք ցանկություն կունենայինք, որ դեսպանը մեզնից նամակը վերցներ, այսինքն՝ ազգությամբ հենց անգլիացին, բայց քանի որ աշխատակիցները հենց հայ էին ու մեր ցավի կրողները, ինչ-որ առումով բավարարված ենք, ինչ-որ առումով՝ ոչ»,-Aravot.am-ի հարցին՝ բավարարվա՞ծ եք ՀՀ-ում մեծ Բրիտանիայի դեսպանատան վարքագծից, մանավանդ, որ դեսպանը դուրս չեկավ հանդիպելու դաշնակցական երիտասարդներին, դեսպանատան առաջ անցկացվող ցույցին այսպիսի կարծիք հայտնեց Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում պահանջագիր հանձնեցին: Այն վերցնելու համար դուրս եկավ ոչ թե դեսպանը, այլ դեսպանատան հաղորդակցության գծով պատասխանատուն:
Անի Խաչատրյանն այս առիթով վկայակոչեց Մեծ Բրիտանիայի՝ հարյուրամյակներ շարունակվող խուսափողական քաղաքականությունը ու ասաց. «Մենք գիտենք, որ Անգլիայի, հատկապես Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ու կառավարությունը միշտ էլ քաղաքական գործընթացներում զերծ են մնացել Հայոց ցեղասպանության գործընթացներին մասնակից լինելուց: Գիտենք նաև, որ ինչ-որ չափով աջակցել են թուրքական քաղաքականությանը»:

Կարդացեք նաև
Այս առիթով երիտասարդները նաև բողոքի ցույց անցկացրին աչքերը, ականջները փակած ու գետնին նստած՝ ցույց տալու, որ «Մեծ Բրիտանիայի դեսպանատունը չի ցանկանում լսել, տեսնել ու չի ցանկանում խոսել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































