Գեղանկարիչ Շոթա Ոսկանյանը
կներկայանա «Կյանքի կրկեսը» խորագրով ցուցահանդեսով
Ապրիլի 18-ից մայիսի 7-ը «Արամե» պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում կկայանա գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի անհատական ցուցահանդեսը՝ «Կյանքի կրկեսը» խորագրով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց արվեստագետը, կներկայացվի իր ստեղծագործական վերջին շրջանին պատկանող շուրջ 45 աշխատանք. «Տարբեր ժանրի ստեղծագործություններ կան, այս անգամ նաեւ բնապատկերներ կցուցադրվեն՝ իմ վրձնած փարիզյան շարքը, նատյուրմորտներ, կրկեսային թեմաներով նկարներ ու ֆիգուրատիվ աշխատանքներ»: Անցյալ տարվա դեկտեմբերին էլ Շոթա Ոսկանյանը Թբիլիսիում է ցուցահանդես ունեցել՝ «Սեր, Փարիզ, կրկես», եւ այդ ցուցահանդեսից մի քանի գործ երեւանյան ցուցահանդեսում կլինի:
Ինչպիսի՞ն է Շոթա Ոսկանյանի վրձնած Փարիզը: «Այն իմ զգացած, իմ սիրելի Փարիզն է, ես բնապատկերներ շատ չեմ նկարում, բայց ընկերներիս դուր է եկել փարիզյան բնապատկերների շարքը, նկարել եմ Մոնմարտրը, Մուլեն Ռուժը, Սենը, անձրեւոտ քաղաքը, արեւոտ մի օր… Երկու մեծ կտավ կլինի՝ դիմակներով աղջիկը, դերասանուհին, նաեւ երկու նատյուրմորտ»,- նշեց արվեստագետը: Հավելեց, որ ֆիգուրատիվ աշխատանքները կանանց են վերաբերում, ցուցահանդեսին լինելու է նաեւ 3-4 էրոտիկ սիրո թեմայով գործ, 10 ստեղծագործություններում էլ՝ հիմնականում մերկ կանայք:
Իսկ ինչի՞ց է, որ կանայք եւ կրկեսը շեշտադրված են Շոթա Ոսկանյանի գեղանկարներում:

Իսկ ինչպիսին է «կուլիսների հետեւում» Շոթա Ոսկանյանը: «Կուլիսների հետեւում ես եմ, իմ ընտանիքները…ապրում եմ բոլորի նման»,- ասում է մեր զրուցակիցը: Արվեստագետը հայտնեց, որ այս տարվա աշնանը դարձյալ ցուցահանդեսով հանդես կգա Թբիլիսիում. «Հրավիրել են մեկ ամիս նկարել Թիֆլիսը եւ այնտեղ ցուցադրվելու են իմ թիֆլիսյան բնանկարները: Որոշ գործեր այստեղից կտանեմ: Ֆենոմենալ սիրուն քաղաք է… Սոլոլակի հին թաղամասում ինձ մի առանձնատուն են տրամադրելու, որ հանգիստ աշխատեմ: Այն ուշադրությունը, որ վրացիներն ունեն Թիֆլիսի հանդեպ, շատ զիլ է»:
Խնդրեցինք, որ Շոթա Ոսկանյանն ասի, թե Երեւանին նկարչի աչքով նայելու դեպքում՝ ինչ է պակասում: «Մի տեսակ ոչ կազմակերպված վիճակ է, շատ բաներ հաշվի չեն առնվում: Օրինակ, ինքս հավանում եմ հսկա շենքերը, բայց դրանք կարող էին այլ տեղ լինել ու կենտրոնի հինը կարելի էր պահպանել, ասենք, Աֆրիկյանների շենքն ի՞նչ էր, ֆանտաստիկ գեղեցիկ տուն, ու տեսեք, թե ինչ ճակատագրի արժանացավ: Թիֆլիսում հաստատ այդպիսի բան չէին անի, կպահեին, դա հին քաղաքի պատմությունն է, հիշողությունը…Թե չէ, որ հիշողությունդ ջնջեցիր, ուրեմն քեզ ես ջնջում»,- համոզված է գեղանկարիչը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2015




















































