Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի նախագիծը`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին: Պատգամավորներն առաջարկում են հետեւյալ փոփոխությունը. «Քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին ուղարկել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը եւ միաժամանակ պարզաբանել քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման բողոքարկման կարգը»:
Փոփոխությունը բացատրվում է տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների շահերը արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Էդմոն Մարուքյանը ՄԻՊ-ի հանձնարարականը ողջունելի է համարում: Ավելին, կարծում է, որ իրականում լուրջ ձեռքբերում է իրավահարաբերության կարգավորման շրջանակներում: Բայց նա կարեւոր է համարում, որ հարցը կարգավորվի օրենքով:
Կարդացեք նաև
Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կարևորում է նման փոփոխության անհրաժեշտությունը: Բայց, ըստ նրա, հիմնականը խնդիր թողած ընկնում ենք երկրորդական խնդրի լուծման հետևից: Ջհանգիրյանի կարծիքով` կարեւորություն տալով երկրորդական խնդիրներին, իսկ հիմնականներն անտեսելով, խորհրդարանն իրականում խուսափում է դրանց համապարփակ լուծումից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































