Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակի գնացող դատավորների համար եկամտի նոր աղբյուր են բացում. 65-ից հետո հաշտարար կաշխատեն

Ապրիլ 27,2015 16:07 Share

«Եթե չեք վստահում դատարաններին, այսօր այդ դատարանն ամբողջությամբ այս կամ այն կողմի օգտին հարցը լուծում է, հիմա երբ ասում են տանք հաշտարարի ինստիտուտին, դատարանը միայն հաստատի հաշտությունը, ասում եք՝ չէ: Ինչի՞ չէ»,- այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսպես հանդիմանեց ոչ իշխանական ուժերին, որոնք դեմ արտահայտվեցին դատարաններում հաշտարարի ինստիտուտի ձեւավորմանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության նոր նախագիծը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Ոչ իշխանական ուժերի պատգամավորները քննադատում էին՝ ասելով, որ կողմերին հաշտեցնելու համար բարեկամներ կան, իմաստուն մարդիկ կան, ի վերջո թաղային հեղինակություններ կան: Ըստ Գագիկ Ջհանգիրյանի. «Հավատացեք, թաղային հեղինակությանը արդեն դիմել են, եթե հասել են դատարան: Ուրեմն իրենց գերդաստանի ավագը արդեն այդ գործով միջամտել է, չեն հաշտվել, հասել են դատարան: Հիմա դուք սրան դեմ եք, ես չեմ հասկանում: Սա միանշանակ դրական ինստիտուտ է: Հաշտության ինստիտուտը արդեն մտցնելու ենք քրեական դատավարության մեջ: Դատարանը պետք է հաստատի հաշտությունները, եթե կողմերը եկել են ընդհանուր հայտարարի: Սա նպատակ ունի բեռնաթափել դատարանը: Հիմա դատարանն է սիրուն դնում շխկացնում, հա գնա բողոքի: Տեսեք քանի՞ վերաքննիչ բողոք է անցել, վճռաբեկ քանի՞ բողոք է անցել՝ ոչ մի: Ներքեւից վերեւ համաձայնեցված գնում են»:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի, պետք է ուշադրություն դարձնել, որ այնպիսի իրավիճակ չլինի, որ ամեն դատավոր ունենա իր 5 հաշտարարները, մեկը մյուսին «պաս» տան, հաշտություն կնքեն. «Հաշտարարների բաշխումը դատավորների միջեւ պետք է ավտոմատ համակարգով լինի կամ այբբենական կարգով: Այնպես չլինի, որ այս 5 հաշտարարները այս դատավորինն են միայն»:

Գագիկ Ջհանգիրյանը ուշադրություն հրավիրեց նաեւ մեկ այլ հանգամանքի վրա: Քանի որ դատավորները 65 տարեկանից գնում են թոշակի, հիմա էլ կյանքի տեւողությունը աճել է, մեծացել է, չեն ուզում 65 տարեկանից գնան թոռնիկներին պահեն, ուզում են 75-ից գնան. «Ստացվում է, որ մենք օրենք ենք ընդունում մենակ դատավորների մասին: Կառավարությունը կասի՝ չէ, լիցենզիոն կարգ եմ սահմանել, բոլորն էլ կարող են մասնակցել: Բայց ասենք ես եմ ու արդարադատության նախարարն է, մի հատ ընենց բարդ քննություն ու թեստ եմ նախատեսում, որ Սողոմոն իմաստունն էլ չի անցնում: Մնում են այդ դատավորները: Ըհը, եղավ, իրենց համար լրացուցիչ եկամտի աղբյուր են ապահովում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930