Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն`իր մասնակցությամբ հայ-վրացական սկանդալի մասին

Մայիս 07,2015 16:26

«Ընդունել բառը մի օգտագործեք, նա մոտեցել է, որ ցավակցական խոսք ասի: Պատկերացրեք, թուրքը Հայաստանում գալիս է, որ ցավակցի»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողները ԱԺ նախագահից հետաքրքրվել են հայ-վրացական հարաբերություններում վերջին օրերի սկանդալային օրերի զարգացումներով, որը հասունացել էր ԱԺ նախագահի անմիջական մասնակցությամբ:

Հիշեցնենք, օրերս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպում էր ունեցել Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ: Հայկական կողմը հանդիպումը ներկայացրեց իբրեւ մասնավոր, մինչդեռ հակառակ կողմը այն ներկայացրել էր աշխատանքային քննարկում եւ լուսանկարներ էր հրապարակել: Դա, բնականաբար, հարուցել էր պաշտոնական Թբիլիսիի դժգոհությունը, որը բացատրություններ էր սպասում Երեւանից:

Միջադեպը փոքր-ինչ հարթվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի` վրացական կողմից պատկան պաշտոնյաների հետ զրույցից ու բացատրություններից հետո: Ուշագրավ է, որ ՀՀ ԱԳՆ-ն ընդամենը ցավ էր հայտնել ՀՀ ԱԺ նախագահի նման կեցվածքի համար:

Գալուստ Սահակյանն ասաց, որ հասկանում է, թե ինչո՞ւ էին վերջին օրերին ոմանք փորձում ոչինչից աղմուկ բարձրացնել, և իր անվանը հարվածել ինչ- որ քաղաքական նպատակներից ելնելով: Ապա ասաց, որ հայ-վրացական հարաբերություններում ինքը փոքր դերակատարում ունի: Բայց ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱԺ նախագահի պաշտոնում իր առաջին այցերից մեկը եղել է դեպի Վրաստան, ուր հանդիպել է Վրաստանի նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի հետ: Նա հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի հարաբերություն չունի Օսեթիայի հետ, որ դեռ ինքն էլ ընդուներ այդ երկրի խորհրդարանի խոսնակին ու ինչ-որ հարաբերություններ քննարկեր:

«Ես հիմնավորել եմ մեր պետության տեսակետը , այնպես որ Գալուստ Սահակյանին հարվածելու համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել: Գալուստ Սահակյանին վարկաբեկելու համար գործիքներ չգտաք այսքան ժամանակ: Ես չեմ կարծում, որ դա սկանդալ է, պարզապես փորձեցին Գալուստ Սահակյանին հարվածել, և այստեղ, և այնտեղ»,- ասաց Գալուստ Սահակյանը մեղադրելով լրագրողներին:

Ապա հակադարձելով հարցին, թե ովքե՞ր էին ցանկանում իրեն հարվածել, նախատինքով ասաց, որ հարվածողների մասին պետք էր հարցնել առաջին երկու օրերին, բայց դա ձեռք չէր տալիս լրագրողներին:

ԱԺ նախագահին վրդովվեցրել էին այս միջադեպի առիթով հրապարակումներում եղած այն դիտարկումները, որ ինքը դիվանագիտությանը չի տիրապետում. «Գալուստ Սահակյանի կողքը մի քանի ժամ եթե կանգնեն, ոչինչ չհասկանան, ապա մի փոքր գաղափար կկազմեն ամեն ինչից»:

Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ եթե Վրաստանից պատասխան պահանջեին, իր կոլեգան` Վրաստանի խորհրդարանի խոսնակն իրեն կզանգահարեր, մինչդեռ որևէ հեռախոսազանգ ու պարզաբանում տալու պահանջ ինքը չի ստացել:

Լրագրողներից մեկի հարցին` իսկ ինչու՞ է լուսանկարվել Օսեթիայի ԱԺ նախագահի հետ, եթե դա պաշտոնական հանդիպում չէր, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Լուսանկարվել եմ, որովհետև ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ: Ըստ երևույթին ինչ- որ մեկը նկարել է, հիմա նկարը, որ նայում եմ, տեսնում եմ, որ ես նման հագուստով չեմ եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031