Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Փաշինյանի ու Կոստանյանի բանավեճն ԱԺ-ում՝ Սուրիկ Խաչատրյանի միջադեպի մասին

Մայիս 21,2015 13:47

«Դուք, լինելով զինդատախազ եւ վերահսկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու եք տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպիսի դիտարկում արեց՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան մասին, որը ներկայացնում էր ԱԺ-ում դատախազության 2014-ի գործունեության մասին հաղորդումը:

Գեւորգ Կոստանյանը նրան պատասխանեց. «Տվյալ գործում չկա մի փաստ, չկա մի հանգամանք, որի մասին ես անձնական պատասխանատվություն չկրեմ: Եվ այն ժամանակ եւ միշտ ես ամեն մի իմ կայացրած որոշման համար անձնական պատասխանատվություն կրում եմ: Այդ որոշումները քննարկվում են դատարանում: Ձեր կողմից ներկայացված փաստերի կապակցությամբ դատախազության պարզաբանումը կարող եք գտնել՝ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալով: Միայն այդ արձանագրությունը նայելով, վստահ եմ, որ ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք»:

Ինչ վերաբերում է կոծկելուն, խեղելուն, շեղելուն՝ Կոստանյանն ասաց, որ եթե քաղաքական մարմին չլիներ Փաշինյանը, ավելի զգույշ կլիներ իր հայտարարություններում. «Ես իրավական եւ ցանկացած պատասխանատվություն եմ կրում իմ ամեն մի որոշման համար, այդ թվում՝ այդ որոշման»:

Նա ասաց, որ դատաքննությունը բաց է, եւ հորդորեց պատգամավորին մասնակցել դրանց, լսել. «Տեսեք քննիչը, դատախազը ինչպես է հիմնավորում, մյուս կողմն ինչպես է հիմնավորվում»:

Նիկոլ Փաշինյանն էլ մեջբերեց Արաբկիրի դատարանի որոշումը, ըստ որի Սուրիկ Խաչատրյանի մի քանի մերձավորների հեռախոսները պետք է գաղտնալսեին. «2013-ի հուլիսի 30-ին գործը վարող քննիչը գնացել է ԱԱԾ եւ ասել է՝ տվեք գաղտալսումները, ԱԱԾ-ում պատճառաբանել են, թե տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին: Արձանագրությունն իմ ձեռքի տակ է: Դե հիմա ձեր բառակույտ իրավաբանությամբ մի հատ բացատրեք՝ հնարավո՞ր է, որ որեւէ ընդդիմադիր քաղաքական գործչի ասեն, որ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել: Էդ ձեր իրավաբանությունը տենց բառակույտ է ու Կաշպիրովսկու ժեստերով ձեռքի սենց շարժումնե՞ր: Ես գնահատել եմ արդեն ձեր գործունեությունը»:

Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ կարող է Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ հարցադրումներին համարժեք պատասխան տալ, բայց հարգանքով է վերաբերվում նրա կարծիքին՝ անկախ նրանից՝ հիմնավորված է, թե չէ. «Ձեզանից պահանջում եմ հարգանք՝ իմ մասնագիտության նկատմամբ: Իրավաբանությունը բառակույտ չի՝ անկախ նրանից, դուք դա հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ»:

Դատախազը վստահեցրեց, որ Սուրիկ Խաչատրյանին գաղտնալսելու մասին դատարանում խոսք չի եղել եւ այդ տեղեկատվությունը հավաստի չէ. «3 սուբյեկտների գաղտնալսման մասին էր խոսքը, ԱԱԾ-ն իրոք պատասխանել է, որ տեխնիկական միջոցներ չկան: Ես չգիտեմ ինչու չի ունեցել, բայց վստահ եմ, որ կան պատշաճ հիմնավորումներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031