Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գյուղացիները «սեւ ցուցակներում» են, նոր գյուղվարկեր չեն կարողանում վերցնել

Մայիս 22,2015 13:45

Aravot.am-ի հարցին, թե այսօր մի շարք գյուղեր վարկերի տակ են եւ գյուղացին չի կարողանում դուրս գալ բարձր տոկոսով գյուղատնտեսական վարկերի տակից ու ստիպված ունեցվածքն է վաճառում, «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ բարձր տոկոսով վարկերը գյուղատնտեսության զարգացման վրա բացասաբար են ազդում. «Եթե ուզում են, որ գյուղացին գյուղը չլքի, մնա հողը մշակի, պետք է մատչելի վարկեր տրամադրեն»:

Հրաչ Բերբերյանն անդրադառնալով վերջերս կառավարության կողմից Կենտրոնական բանկին 10 միլիարդ դրամ տրամադրելու որոշմանը, որն էլ իր հերթին գումարը պետք է բաժանի առեւտրային բանկերին գյուղվարկեր տալու նպատակով, ասաց, որ առաջին անգամ է, որ կառավարությունը այդպիսի` քիչ թե շատ նորմալ տոկոսով գյուղվարկ պետք է տա: Ըստ նրա, կառավարությունը սուբսիդավորելու է գյուղացու վարկի 5-6 տոկոսը, գյուղացուն վարկը կհասնի 8 տոկոսով:

Պարոն Բերբերյանը պահանջում է հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել, թե 1998 թվականին, 2002-ին եւ 2005-ին գյուղացիներին վարկ տրամադրելու նպատակով Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներն ինչպես եւ ինչ պայմաններով են տրամադրվել գյուղացուն. «Ընդհանուր առմամբ 50 միլիոն դոլար է կազմել, այդ գումարը բաժանվել է բանկերի միջեւ գյուղացիներին ցածր` 7-8 տոկոսով վարկեր տալու, սակայն բանկերի այդ վարկերը մինչեւ հասել են գյուղացուն, դարձել են 24 տոկոս, բանկերը գերշահույթներ են ստացել այդ վարկերից: Եթե այդ վարկերն իսկապես գյուղատնտեսությանը ծառայեին, ապա այսօր լուրջ հաջողություններ կունենայինք: Բարձր տոկոս վարկերով գյուղատնտեսությունը չի զարգանա»:

Ըստ Հրաչ Բերբերյանի, գյուղացին վարկ վերցնելու համար հսկայական ծախսեր է անում, քանի որ ինչ-որ կազմակերպություններ են ստեղծվել, որոնք նախ գնահատում են գյուղացու գույքը, եւ մեկ էլ պարզվում է, որ այս կամ այն գյուղացին «սեւ ցուցակում» է եւ վարկ չի կարող ստանալ. «Նախ գույքը գնահատելիս են գումար ուզում, եւ եթե գյուղացին «սեւ ցուցակում» է, ինչ է թե 3 օր ուշացրել է վարկը վճարել, մերժում են: Շատերն էլ այդ ցուցակներում են հայտնվել, որպես երաշխավոր լինելու համար եւ եթե ում որ երաշխավորել են, ժամանակին չի մարել իր վարկը, ապա երաշխավոր-գյուղացիները նույնպես չեն կարողանում վարկերից օգտվել: Բա դա մարդկայի՞ն է, եթե մարդը վարկը մարել է` կապ չունի մի քիչ շուտ, թե մի քիչ ուշ, էլ ինչ խնդիր կա, պետք է կարողանա օգտվել: Բանկային համակարգում այս առումով լուրջ բարեփոխումներ են պետք»:
Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս տարի ծիրանի եւ մյուս պտուղների կայուն բերք կունենանք, եթե գյուղացիները ժամանակին անեն բոլոր պատվաստումները` հիվանդություններից խուսափելու համար:  Կարտոֆիլի դեֆիցիտ էլ չի լինի, քանի որ տարին բարենպաստ է նաեւ այս բանջարեղենի համար. «Կարտոֆիլագործներին 800 տոննա տնկանյութ է տրամադրվել, որի արդյունքը շուտով կտեսնենք։ Արարատյան դաշտում 300 հա կարտոֆիլի ցանքատարածությունների աճ կա։ Այդ պատճառով է նաեւ, որ նոր կարտոֆիլն այժմ շուկայում բավականին էժան է վաճառվում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031