Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի, ինչպես նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովներում քննարկվեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:
Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց ԱԱԾ-ի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների համակարգերում բյուջեի կատարողականը:

Նա ասաց, որ սեյսմիկ ծառայության ուղղությամբ լուրջ աշխատանք են կատարել:
Կարդացեք նաև
Հակակարկտային ծառայության մասին խոսելիս նա նշեց, որ ունենք 154 հակակարկտային կայան, որոնք պետբյուջեի միջոցների հաշվին են կառուցվել. «Բայց ունենք նաեւ հակակարկտային կայաններ, որոնք կառուցվել են ներդրումային համագործակցության շրջանակներում՝ մարզպետարանների կամ այլ միջոցների հաշվին: 450 կայաններ են դրանք: Այդ հակակարկտային կայանները տեղադրված են հիմնականում Շիրակի, Արարատի եւ Արմավիրի դաշտավայրային մասերում եւ բնական երեւույթների տրամաբանությամբ: Ամբողջ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ռիսկային մասերը ծածկելու համար մեզ պետք է մոտ 5500 նման կայաններ: Մենք այդ աշխատանքները ենթադրում ենք կատարել որոշակի տեմպով»:

Հետո Միքայել Մելքումյանը ԶԼՄ-ների համար հայտարարեց. «Հայաստանում գործազրկությունն իջնում է: Կզարմանաք, կասեք ո՞նց է իջնում: Այո, որովհետեւ արտագաղթն է մեծանում, մեխանիկորեն գործազրկությունն իջնում է»:
Ըստ Միքայել Մելքումյանի, եթե ծրագրավորված լիներ՝ հակակարկտային կայանների համար այսքան ծախս ենք անում՝ այսքան բերք փրկելու համար, որի արդյունքում կկրճատվի այսքան սոցիալական ծառայություն, դա հասկանալի կլիներ:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ 5000 կայանների թիվը հստակ հաշվարկների արդյունք է. «Դա վատ չի լինի, որ դնենք, բայց դնել մեխանիկական նպատակ, որ անպայման պետք է 5000 կայան շարենք ՝ճիշտ չի լինի: Չպետք է մոռանալ, որ կարկուտների դեմ 100 տոկոսանոց արդյունավետ պայքար միջազգային պրակտիկայում էլ գոյություն չունի դեռեւս»:
Վաչե Տերտերյանը կանխատեսեց, որ մոտ ապագայում հակակարկտային կայանների թիվը կմեծանա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































