Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվին Թադեւոսյանը թեկնածուներից ոչ մեկին իրեն մրցակից չի համարում

Հունիս 03,2015 17:18

Էդվին Թադեւոսյանը վստահ է, որ ընտրություններում խոշոր հաշվով հաղթելու է:

«Աբովյանում նորմալ իրավիճակ է, հարաբերական անդորր է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետի թեկնածու Էդվին Թադեւոսյանը:

Մեր նկատառմանը, թե մի քանի օր առաջ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանին ծեծի են ենթարկել , նա ասաց. «Ես դրան շատ վատ եմ վերաբերվում: Բայց եթե ասես զանգվածային բան է՝ ո՛չ: Չնայած Կարապետ Իսրայելյանը ուրիշ կարծիքի է, ինքն ինչպես մտածում է, ուրեմն՝ ճիշտ է մտածում»:

Մեր ճշտող հարցին, թե այդ դեպքում իրավիճակը նորմա՞լ է, Էդվին Թադեւոսյանը պատասխանեց. «Նորմալ է. դեռ կրակոցներ չկան, այդ առումով: Թե չէ ինչպե՞ս կարող է նորմալ լինել, եթե դպրոցի դասատուին, մանկապարտեզի դաստիարակին, հիվանդանոցի բժշկին ստիպում են, ասում են՝ պետք է ցուցակ բերես, տանում են իրենց հավաքին, դրա նորմալը ո՞րն է: Ով պետական աշխատող է, վախենում է: Գալիս են, ասում են՝ ժողովուրդ ջան, ձեզ ենք ընտրելու, բայց խնդրում ենք ձեր հավաքներին չմասնակցենք, մեզ կհանեն»:

Հարցին, թե ո՞ւմ ի նկատի ունի, Աբովյանի քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Ինչի դուք չգիտե՞ք՝ ում համար են անում: Կոնկրետ մի թեկնածուի համար են անում: Ով սատարում է, նրա համար են անում, կարո՞ղ է Իսրայելյան Կարոյի համար են անում, կամ Պալաչի համար, կամ Էդվինի: Բոլորը գիտեն, թե ով է»: Էդվին Թադեւոսյանը չցանկացավ որեւէ անուն տալ. «Իմ համար լուրջ թեկնածու չի, փոստատարին բերել են քաղաքապետ են սարքում: Ժողովրդին խաբում են, բերել են ներկայացնում են՝ գործարար… ի՞նչ գործարար: Ես ուղղակի մամուլով չեմ ցանկանում իրենց հետ շփվել, ես ինչ մտածել եմ իրենց ճակատին եմ ասել: Բայց բոլորը գիտեն, ժողովուրդն էլ գիտի, եւ ժողովուրդը միանշանակ չի ընտրելու»:

Հետարքրվեցինք, թե խոչընդոտ չի հանդիսանա՞ այն հանգամանքը, որ թեկնածու Վահագն Գեւորգյանին սատարում են ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունները, նա պատասխանեց. «Ամենակարեւորը՝ աբովյանցին չի սատարում: Աբովյանցու ձայնն է կարեւոր, այդ կուսակցությունները հո՞ չեն ընտրելու, աբովյանցին պետք է ընտրի»:

Էդվին Թադեւոսյանը նշեց, որ իրեն թեկնածուներից ոչ մեկին մրցակից չի համարում եւ վստահ է, որ հաղթելու է, այն էլ շատ խոշոր հաշվով. «Ինձ բոլոր ճանաչողները գիտեն, որ Էդվին Թադեւոսյանը որտեղ մտնում է, հաղթում է: Ես երբեք չէի գա մի տեղ, որտեղ մտածեի, որ կարող եմ պարտվել: Ես համոզված եմ, որ աբովյանցին մեր կողքին է, եւ մենք հաղթելու ենք»:

Նա նշեց, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնը միշտ քիչ է համարել, որովհետեւ ավելիին է հասել, բայց այսօր իր մոտ աբովյանցու թասիբն է արթնացել՝ «Չի՛ կարելի, մի քիչ էլ թո՛ղ ժողովուրդն ընտրի, մի քիչ էլ թո՛ղ ժողովուրդն իրեն մարդ զգա»:  Մեր նկատառմանը, թե Էդվին Թադեւոսյանը թեկնածուներից ամենաերիտասարդն է, նա հավելեց. «Ամենաերիտասարդն ու ամենակայացածն եմ: Եթե ես այս տարիքում այսքան բանի եմ հասել, բոլորն ինձ ճանաչում են, գիտեն, որ Էդվինն է իր քայլերի համար պատասխանատուն, Էդվինն է ամբողջ քարոզարշավը ֆինանսավորում: Երիտասարդը կապ չունի. մարդիկ էլ կան, որ տարիքով են, բայց ոչ մի բանի չեն հասել»:

Էդվին Թադեւոսյանը ազգակցական կապ ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե պարոն Ծառուկյանը սատարո՞ւմ է իրեն, նա պատասխանեց. «Ինքն այսօր պարզ սատարում է ուրիշ թեկնածուի, ես էլ առաջադրվել եմ: Ես համոզված եմ, որ ես եմ հաղթելու, համոզված եմ, որ աբովյանցին է հաղթելու: Գուցե իրենք սխալվե՞լ են: Ամենակարեւորը՝ ես երբեք չեմ ուզել, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի կուսակցություն ինձ սատարի, ես ուզել եմ, որ աբովյանցին ինձ սատարի, եւ աբովյանցին ինձ սատարում է»:

Վերջում նա հավելեց, որ հունիսի 2-ին Աբովյանի քաղաքապետի բոլոր թեկնածուներին՝ բացի երկրորդ Արթուր Հարությունյանից, բանավեճի էր հրավիրել, սակայն թեկնածուները հրաժարվել են մասնակցել. «Վահագնը չի եկել, Իսրայելյան Կարոն չի եկել, մնում էինք ես եւ Արթուրը (ի նկատի ունի թեկնածու Արթուր Հարությունյանին (Պալաչ)- Ա.Չ.), մենք էլ իրար հետ բանավիճելու բան չունենք»:

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան կիրակի՝ հունիսի 7-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Լուսանկարը՝ slaq.am-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930