Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կեցվածքը»

Հունիս 18,2015 14:25

«Մենք առանձնակի կարեւորում ենք խորհրդարանական համագործակցությունը»,- հունիսի 18-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշեց, որ Հայաստանը զգայուն է անվտանգության միջավայրի փոփոխություններին եւ հանդես է գալիս հակամարտության լուծման խաղաղ միջոցներով. «Մենք պատրաստ ենք անել ամենը՝ կանխելու համար անցանկալին: Լինելով ՀԱՊԿ ակտիվ անդամ՝ մենք միաժամանակ վստահելի գործընկեր ենք նաեւ ՆԱՏՕ-ի համար: Համոզված ենք, որ անվտանգության բարձր մակարդակ կարելի է ապահովել երկխոսության միջոցով: Դա վերաբերվում է նաեւ մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին»:

Էդուարդ Նալբանդյանի խոսքերով՝ Հայաստանը գնահատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, սակայն, նա նաեւ հավելեց, որ Հայաստանի համար անընդունելի են Մինսկի խմբի դիրքորոշմանը չհամապատասխանող ՆԱՏՕ-ի որոշ փաստաթղթերում ձեւակերպումները:

Արտաքին գործերի նախարարն ասաց, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կեցվածքը, որն առաջին հերթին հենց ադրբեջանական հասարակությանն է փակուղի տանում: Նա հավելեց, որ Հայաստանը կողմ է ջանքերը շարունակել հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Բաքուն հակադրվում է Մինսկի խմբի համանախագահներին, նա մերժում է  նրանց առաջարկները: Վերջին մեկ տարվա ընթացքում սահմանում Բաքուն սրել էր իրավիճակը: Դա պատճառ է հանդիսացել մեծ կորուստների հակամարտության բոլոր կողմերի համար: Համանախագահները խիստ մտահոգություն հայտնեցին, նրանք ուղղակիորեն կոչ արեցին հավատարիմ մնալ իր պարտավորություններին: Համանախագահները հարկադրված էին հիշեցնել իրենց մանդատի մասին: Կարեւոր է, որ նրանք հստակորեն մատնանշեցին բռնության պատասխանատու ապակառուցողական կողմին: Սակայն ոչինչ չի զսպում Ադրբեջանին»:

Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ ճգնաժամը կարգավորելու եւ  նոր մարտահրավերներին դիմակայելու համար կարեւոր նախապայման է երկխոսությունը. «Մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային դիրքորոշմանը: Ադրբեջանը մերժել է ոչ միայն առաջարկները, այլեւ վստահության ամրապնդմանը ուղղված քայլերը, որոնք առաջարկել են համանախագահները: Տարբեր ձեւաչափերում, երբ հակասական ձեւակերպումներ են լինում, Ադրբեջանը իր հանրությանն ասում է, որ ունի միջազգային աջակցությունը»:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանը, լինելով կողմերից մեկը, երբեւէ որեւէ երկրի չի խնդրել իրեն աջակցել. «Հայաստանի դիրքորոշումը միշտ եղել եւ մնում է այն, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի միջազգային հանրության լիազորությունը, մանդատն ունեցող համանախագահներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930