Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկից փորձել են 1 476.950 դրամի գումար հափշտակել

Հունիս 18,2015 16:11

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում երկու հոգու մեղադրանք է առաջադրվել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ներկայումս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու փորձի եւ դրան օժանդակելու համար:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նրանցից մեկը Վահե Կիրակոսյանն է՝ Պոլիտեխնիկի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախկին վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի արդեն նախկին տեղակալը: Վերջինիս բջջայինն անջատված էր, ու նրանից հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իսկապես երկու անձի մեղադրանք է առաջադրվել. «Մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին 34-178-րդ հոդվածի՝ 2-րդ մասի երկրորդ կետով, այսինքն, որ փորձել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից հափշտակել 1 476.950 դրամի գումար: Նույն համալսարանի նախկին աշխատակցի օժանդակությամբ են փորձել այդ գումարը հափշտակել: Մեղադրանք է առաջադրվել նաեւ համալսարանի նախկին աշխատակցին 38-34-178-րդ հոդվածի՝ 2-րդ մասի երկրորդ կետով»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ոստիկանության եւ քննչական կոմիտեի կողմից խուզարկություն էր կատարվել Պոլիտեխնիկի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախկին վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի եւ Վահե Կիրակոսյանի բնակարաններում՝ Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ վիրտուալ սկանդալի գործի շրջանակներում, ինչը կրկին հաստատել էր Սոնա Տռուզյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930