www.qahana.am կայքը 13 տարեկան է
Արարատյան հայրապետական թեմի www.qahana.am կայքը 13 տարեկան է: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը, 13 տարի առաջ ինտերնետային ոլորտն այսօրվա նման չէր, ու նոր-նոր սկսում էր զարգանալ, երբ հղացան նման կայք ունենալու գաղափարը: «Նկատի ունենալով, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորh տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը միշտ երիտասարդության կողքին է եւ զանազան բարեփոխումների կողմնակից է, առաջարկեցինք ստեղծել էլեկտրոնային փոստի հասցե, որով ավելի կհեշտացնենք հոգեւորականի հետ շփումը եւ մարդկանց հնարավորություն կտանք առանց հոգեւորականին տեսնելու՝ դիմել հուզող հարցերով: 13 տարի առաջ շատերն ամաչում էին դիմել հոգեւորականին, չէին պատկերացնում, որ կարելի է ուղիղ մոտենալ քահանային ու, օրինակ, օրհնություն հայցել, ուր մնաց հարցեր ուղղեն, շատ քչերը քահանային կդիմեն: Կայքի գործունեության առաջին ամսվանից հասկացանք, թե ինչ անհրաժեշտ ու սպասված էր կայքի գործունեությունն ու գոյությունը: Երբ մեզ սկսեցին գրել աշխարհի 32 երկրներից, հասկացանք, որ միայն հայերեն տարբերակով բավարարվել չենք կարող ու ստեղծեցինք ռուսերեն եւ անգլերեն բաժինները»,- հայտնեց մեր զրուցակիցը: Այժմ կայքի «Հարցեր քահանային», «Հարց-պատասխաններ», «Թեմատիկ հարցազրույցներ թե հոգեւորականի եւ թե աշխարհականի հետ», «Հայ առաքելական եկեղեցու տոնացույց», «Աստվածաշունչ մատյան», «Առաջնորդական փոխանորդ», «Կայքի մասին», «Թեմի պատմություն», «Հոգեւորականներին դիմելաձեւեր», «Օրվա խորհուրդ» էջերը եռալեզու են:

Էլզա Մանուկյանը չմոռացավ դրվատանքով խոսել իրենց կայքի 10 կամավորների մասին, որոնց աջակցությամբ մուտքագրվում են հանդեսների սցենարներ, կարգի է բերվում «Հոգեւոր գրադարան» բաժինը, յուրաքանչյուր գրքի համար անոտացիա է գրվում: Հավելենք, որ qahana.am-ում Աստվածաշունչը ընթերցելու եւ ներբեռնելու մի քանի տարբերակ կա, անգամ 365 օրերի է մասնատված, որ ավելի հեշտացվի օգտատերի ընթերցանությունը: www.qahana.am կայքի նամակագիրներից մեկը սեփական նախաձեռնությամբ ստեղծել է «Աստվածաշունչը շարժական միջոցների համար» էջը, որը հնարավորություն է տալիս Ս. Գիրքը բեռնել եւ կարդալ բջջային կամ պլանշետային սարքերով:
«Մարդիկ սիրում են օրվա աստղագուշակն ընթերցել, որը Հայ եկեղեցու կողմից ընդունելի չէ: Մարդկանց նմանատիպ հետաքրքրություններին հոգեւոր ուղղվածություն հաղորդելու նպատակով կայքում բացվել է «Օրվա խորհուրդ եւ Ճաշու ընթերցվածք» էջը»,- ասում է Էլզա Մանուկյանը: Սա դեռ բոլորը չէ, ի թիվս այլ հետաքրքիր նյութերի, հոգեւոր ժամանց կազմակերպելու նպատակով բացվել է նաեւ «Հանելուկ, խաչբառ» էջը:
Իմիջիայլոց, 2006թ. Էլեկտրոնային բովանդակության 2-րդ համահայկական մրցույթում Արարատյան հայրապետական թեմի www.araratian-tem.am եւ www.qahana.am կայքերն արժանացել են երկու գլխավոր մրցանակների՝ «Լավագույն դիզայն» եւ «Էլեկտրոնային ներգրավվածություն» անվանակարգերում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2015


















































