Ի տարբերություն երկու գիշեր առաջվա՝ այսօր Բաղրամյան պողոտայում ոչ միայն մարդկանց քանակն է անհամեմատ մեծ, այլեւ՝ համախմբվածությունն ու անելիքի հստակությունն է պարզ եւ ակնհայտ:
Այս 48 ժամվա ընթացքում հսկայական փոփոխություն է նկատվում: Կազմակերպիչները եւ նախաձեռնությունն առաջնորդողները թեեւ շատ են եւ, ըստ էության, դրանով իսկ՝ «անորսալի», սակայն անմիջապես նկատվում է, որ կա ինչ-որ պատասխանատվության եւ պատրաստվածության ոգի, այլեւս անցյալ են դարձել «դու ո՞վ ես», «բա դո՞ւ ով ես» տիպի խոսակցությունները, իրար չհասկանալը, «հրաժարական տալը»:
Կարդացեք նաև
Մթնոլորտը հիանալի է եւ ոգեւորող, իսկ մարդկանց բազմաթիվ լինելը՝ ավելի քան ուրախացնող: Հիմնական զանգվածը հրաշալի հույզեր արթնացնող եւ սեփական ազգով հպարտանալու տեղիք տվող երիտասարդությունն է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ





















































