Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում՝ Բաղրամյանի սկզբնամասում, ակցիայի մասնակիցներին ծանուցումներ են բաժանվում՝ «Ինչպես շփվել ոստիկանների հետ. հուշումներ պայքարող քաղաքացիներին»:
Այս ծանուցման մեջ կետ առ կետ գրված է, թե ինչ պետք է անեն քաղաքացիները բողոքի ակցիաների ժամանակ, երբ լարվածություն է լինում, օրինակ` կետերից մեկն է. «Ոստիկանները մեր բարեկամները չեն, նույնիսկ եթե նրանց մեջ կարող են լինել մեր հարազատներից մարդիկ, ուստի պայքարող քաղաքացիները պետք է մեծ հեռավորություն պահեն ոստիկաններից: Հույս չփայփայեն, որ ոստիկանը կարող է իրենց խնայել եւ բռնություն չկիրառել: Հիշեք, ոստիկանությունն ինքն է մշտապես սպառնում, որ ինքը ունի ուժ (բռնություն) կիրառելու լեգիտիմ իրավունք: Նման հայտարարություն անող ոստիկանությունը հաստատում է, որ առաջնորդվում է բռնապետության սկզբունքներով»:
Մեկ այլ կետով էլ ասվում է. «Հիշեք՝ ոստիկանները ծառայում են իշխանություններին, իսկ իշխանությունը յուրացված է թալանչի, հալածող ապաքաղաքական եւ փողատեր տարրերի կողմից»:
Բավականին ծավալուն տեքստ է՝ А4 ֆորմատի երկու էջով:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասում էին, որ Բաղրամյան պողոտայից ոչ մի տեղ չեն գնալու: Մարդիկ արդեն որոշ քաղաքական հարցեր էին սկսում քննարկել: 7 դրամի պայքարը փոքր խմբերի մոտ վերածվել է քաղաքական բողոքի թեմա:

«Առավոտը» այս թղթիկները բաժանողներից հարցրեց, արդյոք սա «Ոչ թալանին» նախաձեռնությունն է կազմակերպել: Մեզ պատասխանեցին՝ ոչ, իսկ թե ովքեր են, ոչինչ չասացին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































