Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները եկան Գյումրու Թատերական հրապարակ գյումրեցիների հետ քննարկումներ անցկացնելու, կարծիքներ լսելու համար: Եւ մինչ վերջիններս ներկայացնում էին իրենց պահանջը՝ հետագա քայլերի մասին խոսելով, «Հիմնադիր խորհրդարան»-ի համակիր, գյումրեցի ազատամարտիկ Տիգրան Բեբուրյանը նրանից բացատրություն պահանջեց, թե հունիսի 27-ին, երբ կոչ է հնչել գնալ Օպերա, որտե՞ղ էին «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամները:

Ի պատասխան «Ոչ թալանին» խմբի անդամը հորդորեց նրան կարգավորել իր հույզերը, որին ազատամարտիկը արձագանքեց այսպես. «Ես կկարգավորեմ իմ հույզերը, բայց դուք որտե՞ղ էիք հունիսի 27-ին, հիմա էլ եկել եք Գյումրի, ստեղ խառնեք իրա՞ր»:
Լեզվակռիվ սկսվեց կանգնածների ու Տիգրան Բեբուրյանի միջեւ, որը համոզված պնդում էր, թե «Ոչ թալանին» խմբի անդամները վախեցել են, մինչդեռ ինքը լավ տղաների տեղ էր դրել նրանց: Ներքեւում կանգնածները համոզելով տարան նրան: Հավաքվածները վատ զգացին իրենց ՝ ասելով, որ նրանք հյուր են եկել, չարժե բղավել նրանց վրա: Իսկ ազատամարտիկը բացականչում էր. «Հերիք է, տղեք, մի խաբեք ժողովրդին»:
Կարդացեք նաև
Սակայն «Ոչ թալանին» խմբի անդամներն ասացին, որ տարբեր կարծիքներ կարող են ունենալ հարցի շուրջ , բայց դա չի նշանակում, որ մեկը մյուսին պիտի անվանեն ծախված ու դավաճան: Նրանք ասացին, որ եթե հանկարծ աուդիտից հետո հոսանքը թանկանա, շատ ուժեղ պայքարի դուրս կգան եւ այդ դեպքում կպայքարեն ոչ միայն Բաղրամյանում, այլ տարբեր փողոցներում: Նրանք նաեւ նշեցին, որ իրենց սեփական աուդիտն են անցկացնելու ու վեր են հանելու ՀԷՑ –ում կատարված թալանը ու ներկայացնելու են էներգետիկայի նախարարությանը, ներգրավելու են տնտեսագետներին:
Շատերը իրենց հիացմունքը արտահայտեցին այս երիտասարդների հանդեպ, բղավելով՝ ապրեք: Ըստ գյումրեցիների, նրանք արեցին այն, ինչը չէին կարող անել մյուսները: Քիչ անց ազատամարտիկ Տիգրան Բեբուրյանը ձայն խնդրեց ու բոլորին մինչեւ վերջ պայքարելու կոչ արեց: Ըստ նրա, սխալ թույլ տալու իրավունք չունենք, Բաղրամյան պողոտան ու հանրապետության բոլոր քաղաքները ցույց տվեցին, որ չի կարելի խաղ տալ հայ ազգի հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




















































Ոչ մեկ իրավունք չունի վիրավորելու ազատ և պայքարող երիտասարդներին որ հսկայական մեծ գործ են արել, ես որպես Գյումրեցի շատ ծանր եմ տարել այդ միջադեպը: Պայքարող երիտասարդներին վիրավերելը այնքան էլ բարոյական չէր: Տղերք ջան մենք ձեզ հետ ենք և միասին պայքարելու ենք մինչև վերջ: