Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ խոսել ներքաղաքական խնդիրների, սահմանադրական փոփոխությունների մասին:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԵԽ պատվիրակությունը նախապես հայտարարել է, որ հանդիպման մանրամասները հրապարակման ենթակա չեն: Ուստի նա միայն հայտնեց, որ հանդիպմանը յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել է իր տեսակետը, եւ որեւէ քաղաքական ուժի կողմից նոր բան չի ասվել:
ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել է տիկին Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը, Ժառանգությունից՝ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև
ՀԱԿ-ը նաեւ նշել է, որ Սահմանադրական փոփոխություններ հնարավոր է, եթե կա քաղաքական ուժերի լայն կոնսենսուս. «Մենք տեղեկացրեցինք, որ ոչ միայն նման կոնսենսուս չկա, այլ համարյա կոնսենսուս կա մերժելու այդ նախաձեռնությունը: Ասել ենք, որ Եռյակը ժամանակին այդ փոփոխությունների դեմ մասսայական հանրահավաքներ է անցկացրել, եւ իշխանությունը փորձեց բռնաճնշումներով ձեւավորել իրենց պահանջված քաղաքական կոնսենսուսը: Ասել ենք, որ բռնաճնշումներ եղան, ստիպեցին կուսակցություններից մեկի ղեկավարին ընդհանրապես լքել քաղաքականությունը»:
Անդրադարձ է եղել նաեւ նախագծի հրապարակված դրույթների հետ կապված: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ասել ենք, որ դրույթներից պարզ է դառնում, թե ինչպես է իշխող քաղաքական ուժն իր մենաշնորհը փորձում ամրագրել արդեն նաեւ սահմանադրորեն:
Հանդիպման վերջում Լեւոն Զուրաբյանը խնդրել է Դոնալդ Տուսկին Վենետիկի հանձնաժողովին էլ տեղյակ պահել, որ Հայաստանում չկա կոնսենսուս Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «Մի հարցում, որ կա կոնսենսուս բոլոր ընդդիմադիր խմբակցությունների, ԸՕ-ում բարեփոխումներն են, իսկ այդտեղ արդեն իշխող ուժը դիմադրում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































