Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. սև խավիարի արտադրությունը դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը

Հուլիս 22,2015 15:02

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին շվեյցարահայ գործարար Վարտան Սերմակիսի հետ այցելել է Մարտակերտի շրջան և ծանոթացել տնտեսական մի շարք խոշոր ծրագրերի ընթացքին: Թրղի գետի վրա կառուցված և վերջին օրերին գործարկված «Թրղի-3»՝ 5 մեգավատ հզորությամբ փոքր ՀԷԿ-ի պայմաններին ծանոթանալով՝ վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ:

«Այս նոր փոքր ՀԷԿ-ը կհամարեի մեր հերթական ձեռքբերումն Արցախի էներգետիկ ինքնաբավության աստիճանը բարձրացնելու ճանապարհին: Ողջունելի է, որ մասնավոր հատվածը մեծապես ընդգրկված է այդ ռազմավարական գործում: Դրա վառ օրինակը Վ. Սերմակիսի նշանակալի մասնակցությունն է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում»,- ասել է Ա. Հարությունյանը:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Մատաղիսում գործող՝ սև խավիարի արտադրամաս, որը հիմնվել է շվեյցարահայ գործարարի ներդրումով: Ընկերության պատասխանատուները վարչապետին ու սեփականատիրոջն են ներկայացրել կատարված աշխատանքը և հետագա ծրագրերը: Ըստ նրանց՝ շաբաթներ առաջ տեղադրվել է առաջին ձկնկիթը, մոտ 3 տարի անց վաճառքի կհանվեն ձկան, իսկ 5 տարի հետո` սև խավիարի առաջին խմբաքանակները:

«Կառավարության ուշադրությունը սևեռված է առաջնահերթորեն սահմանամերձ բնակավայրերի զարգացման վրա: Դրա ապացույցներից մեկն այս հավակնոտ ծրագիրն է, որը ոչ միայն ապահովելու է բազմաթիվ աշխատատեղեր հատկապես շրջակա գյուղերի բնակիչների համար, այլ նաև դառնալու է Արցախի տնտեսության շարժիչ ծրագրերից մեկը: Մենք միշտ պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել նմանատիպ ձեռնարկումներին, առավել ևս, որ այն օտարերկրյա ներդրման արդյունք է»,- շեշտադրել է վարչապետը:

Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև սահմանամերձ Թալիշի դաշտերում, որտեղ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամն արդի տեխնոլոգիաներով մշակում է գարնանացան մի շարք կուլտուրաներ: Վարչապետը գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ տեղում քննարկել է հիմնադրամի ծրագրի ընթացքին վերաբերող որոշ հարցեր՝ տալով համապատասխան հանձնարարականներ դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031