Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն գնով Հանրապետության հրապարակում նստացույց անելու այդ մղումը մտասեւեռման է նմանվում. «Հայոց աշխարհ»

Հուլիս 30,2015 10:48

Առհասարակ այն ամենը, ինչով այս օրերին զբաղված են «Ոտքի՛, Հայաստան» շարժման ակտիվիստները, «ժառանգական» Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, անլուրջ եւ ծանծաղ տպավորություն է թողնում:

Ըստ որում՝ նրանք իրենց քայլերը «փաթեթավորում» են հոսանքի թանկացման դեմ պայքարով, բայց պարզորոշ նկատելի է, որ «հոսանքի թանկացման դեմ»-ը թերեւս միայն պաստառներին գրված կարգախոսներով է արտահայտված, այն էլ, երեւի, որ իրենք էլ չմոռանան, թե ինչի համար են հավաքվել:

Իսկ մի քանի տասնյակ հոգով այս կամ այն փողոցում խցանում հարուցելուն ուղղված քայլերը կամ մտադրություններն էլ շարժման մասնակիցները ներկայացնում են որպես մարտավարություն եւ մարտավարության փոփոխություններ:

Բայց այս «տունտունիկը», կամ ինչպես արդեն նշել ենք նախորդ հրապարակման մեջ՝ ոստիկանների հետ «բռնոցի-պպզոցի» խաղալը, արդեն հասել է մի վիճակի, երբ միջոցը (միտինգ, նստացույց, պիկետ եւ այլն) դարձել է նպատակ: Այլ կերպ ասած, ամեն գնով Հանրապետության հրապարակում նստացույց անելու այդ մղումը մտասեւեռման է նմանվում, ինքնանպատակ մի գործողություն, որն առավելագույնը սեփական անձի կամ թեկուզ մի քանի տասնյակ ակտիվիստների վրա ուշադրություն հրավիրելն է:

Դատելով ամենից, տեսանելի հեռանկարում կազմակերպվածությունն այս ամենին չի սպառնում: Համենայն դեպս նման դատողության տեղիք է տալիս Դավիթ Սանասարյանի խոսքը, որով նա փաստորեն կոչ է անում, որ ով համարում է, թե հրապարակում նստելը սխալ է, գնան եւ նստեն այնտեղ, որտեղ ճիշտ են համարում: Ամենակարեւորը, ըստ շարժման առաջնորդներից մեկի, պայքարի օջախները պետք է շատացնել:

Հոյակապ մտահղացում է: Օրինակ, կարելի է, ի նշան բողոքի, նստել որեւէ երթուղային միկրոավտոբուս: Այդ դեպքում ե՛ւ ուղղակիորեն շարժման մեջ կլինես, ե՛ւ նստացույցի մտահղացումը իրագործած: Իսկ եթե միկրոավտոբուսն անցնի հրապարակով կամ Բաղրամյան պողոտայով, առհասարակ, կարելի է ասել, որ քաղաքացիական շարժումը քաղաքականի վերածվելու բնականոն զարգացման մեջ է:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031