Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Վարդապետյան. «Պարտադիր չի, որ միշտ ես լինեմ աշխարհի չեմպիոնի մրցամարտի գլխավոր մրցավարը»

Սեպտեմբեր 03,2015 12:30

Սկիզբը՝ 

Շախմատի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը ղեկավարում է նաեւ Շախմատի եվրոպական միության մրցավարների հանձնաժողովը: Նա հոկտեմբերին մասնակցելու է նաեւ ԵՇՄ համաժողովին:

– Պարոն Վարդապետյան: Եվրոպական համաժողովը կայանալու է Մոնտենեգրոյում եւ այնտեղ նույնպես շատ կարեւոր օրակարգ է հաստատված:

– Նախ ասեմ, որ Շախմատի եվրոպական միությունը դեռ անցած տարի մրցավարների հանձնաժողով չի ունեցել, թեեւ այնտեղ էլ տարբեր մրցաշարերում եղել են բազմաթիվ խնդիրներ: Այդ պատճառով ԵՇՄ նորընտիր ղեկավարությունը որոշել է ստեղծել չորս հանձնաժողով եւ դրանց աշխատանքներին անպայման ներգրավել մասնագետներին: Անցած տարի Բաթումում տեղի ունեցած համաժողովում կատարվեց ընտրություն եւ Եվրոպական միության ներկայացուցիչները միաձայն քվեարկեցին իմ օգտին, որպեսզի ես ղեկավարեմ մրցավարների հանձնաժողովը: Եվ մենք, փաստորեն, զրոյից նախապատրաստել ենք աշխատանքային ծրագրեր, որոնք պետք է փորձենք հաստատել Մոնտենեգրոյում:

– Ի՞նչ ծրագրեր են:

– Դրանք տարբեր են. բարձրակարգ մրցավարների վերապատրաստում եւ վերաուսուցում: Ես նախորդիվ ասացի, որ չորս տարին մեկ փոխվում են շախմատային հիմնական կանոնները, բայց չորս տարին մեկ փոխվում են նաեւ շախմատային մրցաշարերի կազմակերպման կանոնները: Բայց փոփոխության են ենթարկվում կոչումների շնորհման, վարկանիշի հաշվարկի եւ այլ կանոններ: Այս ամենը պահանջում է, որպեսզի նույնիսկ բարձրակարգ մրցավարները, որոնք թեեւ երկար տարիներ աշխատել են եւ փորձ ունեն, նրանք էլ վերապատրաստվեն ու սովորեն, որպեսզի բարձր կարգի մրցաշարերում թյուրիմացություններ չլինեն: Մեր հանձնաժողովի նախնական ծրագրերը քննարկել ենք փետրվարին՝ Եվրոպական միության նախագահության նիստում եւ մեր նախատեսած հիմնական ուղղությունները հավանության են արժանացել: Մոնտենեգրոյի համաժողովում հաստատվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո կգործեն 2016 թվականի հունվարի 1-ից:

– Դուք շախմատում այլ ծրագրեր ունե՞ք, որոնք կապված չեն հանձնաժողովների աշխատանքի հետ:

– Եվրոպական համաժողովից մի քանի օր հետո Մակեդոնիայում մեկնարկելու է Եվրոպայի ակումբային առաջնությունը, որտեղ ես հրավիրվել եմ՝ գլխավորելու այն:

– Դուք երկու անգամ եղել եք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտերի գլխավոր մրցավարը: Հնարավո՞ր է, որ չեմպիոնն ու հավակնորդը երրորդ անգամ ցանկանան ձեզ տեսնել այդ դերում:

– Ես իսկապես երկու անգամ անընդմեջ եղել եմ այդ մրցամարտերի գլխավոր մրցավարը, բայց վերջինում, որը կայացավ Սոչիում, ոչ: Գիտե՞ք, մի տեսակ սիրուն էլ չի, որ միշտ նույն մարդը լինի:

– Փաստորեն, մեկ ժամկետ արդեն բաց եք թողել: Առջեւում նոր մրցամարտ է լինելու:

– Եկեք սպասենք: Մենք ձեզ հետ մի քանի անգամ այս թեմայով խոսել ենք: Չնայած գլխավոր մրցավարի ընտրության հարցում ՖԻԴԵ-ն իր ներդրումն ունի՝ նախապատրաստում է հինգ մրցավարների անուններից կազմված ցուցակ, որոնցից պետք է ընտրվի, բայց վերջնական ընտրությունը կատարում են իրենք՝ չեմպիոնն ու հավակնորդը: Շատ կարեւոր է, որ աշխարհի թագը վիճարկող երկու շախմատիստները ոչ թե կատարեն ՖԻՖԵ-ի որոշումը, այլ իրենք նույնպես վստահ լինեն, որ իրենց պայքարը սպասարկում է այնպիսի մի անձնավորություն, որին իրենք նույնպես վստահեն, որ պայքարը կանցնի հավասար պայմաններում, օրենքի շրջանակներում: Դրանից բացի, շատ կարեւոր է այն հանգամանքը, որ չի կարելի, որպեսզի գլխավոր մրցավարը լինի մասնակիցներից մեկի երկրից: Այնպես որ, այսօր դրա մասին խոսելը շատ շուտ է: Օրինակ, Լեւոն Արոնյանը կարող է դառնալ հավակնորդ: Այդ դեպքում ես իրավունք չունեմ լինել այդ մրցամարտի գլխավոր մրցավարը: Թեեւ մի անգամ Բորիս Գելֆանդն ինձ ասաց, որ եթե թագի համար պայքարեն ինքն ու Արոնյանը, կհամաձայնի, որպեսզի գլխավոր մրցավարը ես լինեմ: Գուցե կատակո՞ւմ էր: Չմոռանանք նաեւ հնարավոր այլ տարբերակներ. ասենք, հավակնորդ դառնա ադրբեջանցի շախմատիստը, կամ այդ դեպքում մրցամարտն անցկացվի Ադրբեջանում: Վերջին շրջանում ընդունված է, չէ՞, որ մրցամարտն անցկացվում է մասնակիցներից մեկի երկրում, որը պատրաստ է անհրաժեշտ գումարները տրամադրել: Չեմ կարծում, թե երկու պարագայում էլ Ադրբեջանի ֆեդերացիան կհամաձայնի, որ մրցամարտը անցկացնի Հայաստանի մրցավարը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930