Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական հասունացման խանգարումները հայտնաբերելով եւ բուժելով՝ մենք հող ենք ստեղծում հետագայում ունենալու առողջ վերարտադրողականություն»

Սեպտեմբեր 05,2015 14:30

«Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը։ Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից եւ հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսեւորման աստիճանը»,- Սեռական առողջության համաշխարհային օրվա առիթով, որն աշխարհը նշում է սեպտեմբերի 4-ին, «Առավոտի» հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Տիկին Ավագյանի ներկայացմամբ՝ 19-րդ դարում սեռական առողջության գլխավոր չափանիշ էր համարվում չափավորությունը. «Բժիշկները հավաստում էին, որ սեռական ձեռնպահությունը օգտակար է, քանի որ խնայում է ֆիզիկական եւ հոգեւոր ուժերը։ Իրավիճակը փոխվեց 1920-ական թթ., երբ մի քանի անվանի բժիշկներ սկսեցին համոզիչ կերպով արծարծել սեռական ակտիվության դրական կողմերը, հաստատեցին սեռական բավարարվածության եւ հեշտանքի առողջարար ազդեցությունը։ 1975թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները առաջին անգամ սահմանեցին սեռական առողջությունը իբրեւ սեքսուալության մարմնական, հուզական եւ սոցիալական ասպեկտների ամբողջություն, որը հարստացնում է անձը, նրա շփվողունակությունը, սիրելու կարողությունը։ Այլ կերպ ասած՝ սեռապես առողջ անհատն է միայն ի վիճակի ազատ, անկաշկանդ շփումների, առողջ միջանձնային հարաբերությունների հաստատման եւ խորը հուզական կապի՝ սիրելու կարողության»։

Ըստ մեր զրուցակցի՝ 2000թ.-ին ԱՀԿ փորձագետների կողմից տրվել է նոր սահմանում, համաձայն որի՝ սեռական առողջությունն ավելին է, քան սեռական խանգարման բացակայությունը, եւ իրենից ներկայացնում է անձի սեքսուալության մարմնական, հոգեկան եւ սոցիալական բարօրության ամբողջություն։

«Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք եւ վարում է անվտանգ սեռական կյանք՝ զերծ բռնությունից, հարկադրանքից, տարբեր հիվանդություններով հիվանդանալու ռիսկից»,- ասում է Գայանե Ավագյանը: Նա ներկայացրեց նաեւ, թե առողջապահության նախարարությունն ինչպիսի ծրագրեր է իրականացնում՝ ազգաբնակչության սեռական առողջությունը պահպանելու համար:

Տիկին Ավագյանի խոսքերով՝ նախարարությունը սեռական եւ վերարտադրողական առողջությունը դիտարկում է որպես մեկ ամբողջություն, որովհետեւ առողջ սեռականությունն է բերում առողջ վերարտադրության. «2005 թվականից սկսած՝ առողջապահության նախարարությունն իրականացնում է 15 տարեկան աղջիկների համալիր հետազոտություն, գնահատում է նրա բոլոր օրգան համակարգերի վիճակը, այդ թվում նաեւ վերարտադրողական օրգանների՝ կատարելով գերձայնային հետազոտություն, եւ նաեւ գնահատում է աղջիկների սեռական հասունացման աստիճանը՝ հատուկ բանաձեւով. աղջկա սեռական հասունացումը համապատասխանո՞ւմ է 15 տարեկանին: Կարող են լինել վաղաժամ սեռական հասունացման դրսեւորումներ, մեզ համար մտահոգիչը սեռական հասունացման հետ մնալն է: Դրանք ախտաբանական շեղումներ են սեռական հասունացումից, եւ մենք առանձնացնում ենք այդ աղջիկներին եւ անպայման հետագա հետազոտությունների ենք ենթարկում, որպեսզի հայտնաբերենք սեռական հասունացման խանգարումները: Որովհետեւ սեռական հասունացման խանգարումները բուժելով, շտկելով՝ մենք հող ենք ստեղծում հետագայում ունենալու առողջ վերարտադրողականություն: Մեր հիմնական նպատակն է, որպեսզի մենք պոտենցիալ առողջ մայրեր ունենանք»:

Գայանե Ավագյանի խոսքերով՝ նույնպիսի աշխատանք է տարվում նաեւ նախազորակոչային տարիքի տղաների հետ. «Նրանք էլ համալիր հետազոտվում են, եւ այդ համալիր հետազոտման մեջ անպայման նաեւ գնահատվում է նրանց սեռական հասունացումը, աստիճանը տարիքի»:

Նշենք, որ 2009թ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի համագործակցությամբ իրականացվող «Սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի աջակցությամբ ՀՀ զինված ուժերում մեկնարկել է վերարտադրողական առողջության եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վերաբերյալ դասընթացը։

Ըստ տիկին Ավագյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմամբ՝ նշյալ դասընթացը ներդրվել է ուսումնական զորամասերի ուսումնական ծրագրում։ «Ծրագրի շրջանակներում 2009թ. մշակվեց եւ տպագրվեց զինծառայողների համար ձեռնարկ «Վերարտադրողական առողջության պահպանման հիմնական սկզբունքները երիտասարդ տղամարդկանց շրջանում», ինչպես նաեւ ամփոփ գրպանի գրքույկ՝ «Առողջությունը գնահատող երիտասարդներին» վերնագրով։

2010 թ.-ից սկսած մինչ այժմ յուրաքանչյուր տարի շուրջ 15 հազար «Առողջությունը գնահատող երիտասարդներին» տեղեկատվական գրքույկ է տպագրվում եւ տրամադրվում է ՀՀ ուսումնական զորամասերին եւ բանակային կորպուսների բուժծառայության պետերին։ Ուսումնական զորամասերում, ուսումնական ծրագրերի շրջանակներում զորամասերի բուժծառայության պետերի կողմից վերոնշյալ ձեռնարկի եւ գրքույկի համապատասխան՝ վերապատրաստվում են սերժանտներ, որոնք պատրաստ են հետագայում իրենց զորամասերում «հավասարը հավասարին» մեթոդով իրենց ստացած գիտելիքները տրամադրել ծառայակից ընկերներին»,- ասաց տիկին Ավագյանը։

Հաշվի առնելով դասընթացների շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությունը՝ 2014 թ.-ին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ռազմաբժշկական ֆակուլտետի կրթական ծրագրում թեմաները ամփոփ մեթոդական ձեռնարկով ներկայացնելու վերաբերյալ։ Ըստ Գայանե Ավագյանի՝ Մեթոդական ձեռնարկը մշակվել է համալսարանի համապատասխան ամբիոնների աշխատակիցների աջակցությամբ եւ կներդրվի ուսումնական ծրագրում 2015-2016 ուստարում. «2015թ. ծրագրի շրջանակներում, բացի գրքույկներից, նախատեսված է նաեւ պաշտպանության նախարարությանը տրամադրել վերարտադրողական առողջության, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման եւ առողջ ապրելակերպի թեմաներով զինծառայողների իրազեկության բարձրացմանն ուղղված 2 ուսուցողական կարճամետրաժ ֆիլմ: Հաշվի առնելով երիտասարդ տղամարդկանց առողջության կարեւորությունը՝ հատկապես սեռական առողջությունը եւ ՀՀ ժողովրդագրական բացասական միտումները, այս ծրագրի շարունակականությունը կարեւոր դերակատարում կարող է ունենալ ապագայում առողջ ընտանիք, երեխաներ եւ ազգաբնակչություն ունենալու տեսակետից, ինչն էլ կնպաստի նաեւ ՀՀ բանակի մարտունակության բարձրացմանը»:

Անդրադառնալով մի շատ կարեւոր խնդրի, այն է՝ վերարտադրողական տարիքից հետո կանանց եւ տղամարդկանց սեռական առողջությանը, նախարարության մասնագետն ասաց. «Այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ ակտուալ. ամբողջ աշխարհում այդ տարիքի կանանց եւ տղամարդկանց համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դեռեւս մշակված չեն ուղեցույցներ, գործելակերպեր եւ այլն: Վերարտադրողական ֆունկցիան սկսում է մարել, սակայն մարդկանց սեռական կյանքը դեռեւս շարունակվում է, եւ այդ տարիքում մեծանում է հիվանդացության հավանականությունը: Կանանց մոտ մասնավորապես էստրոգենի բացակայությամբ է պայմանավորված:

Մենք այս հարցը շարունակաբար բարձրացնում ենք ԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ եւ հույս ունենք, որ շուտով կլինեն համալիր մոտեցումներն ամփոփող գործելակերպեր, ուղեցույցներ՝ ինչպես կան մյուս ոլորտներում: Այդ տարիքի մարդկանց առողջության բարելավման տեսակետից հատուկ շեշտադրում ենք ուզում դնել, քանի որ մեր բնակչության մեկ երրորդը 50 տարեկանից բարձր տարիքային խմբում է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930