Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժեքավոր լուսանկար կարելի է ստանալ միայն թաքնված տեսախցիկով»

Սեպտեմբեր 16,2015 12:00

Հավաստիացնում է ամերիկաբնակ լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանը

Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում «Սուրբ խաչ, Սուրբ երրորդություն, Հույսի խորան» խորագրով ցուցադրվեցին ամերիկաբնակ լուսանկարիչ Ռոբերտ Կարապետյանի աշխատանքները: Արվեստագետը 1993թ. բնակվում է Նյու Յորքում:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Կարապետյանը նշեց, որ առաջին լուսանկարները տպագրել է 1950-ականների կեսերից, հայաստանյան պարբերականներում: Հիշեց իր հանդիպումները հայ արվեստի ու գրականության մեծերի հետ, այդ թվում՝ Վահրամ Փափազյանի, Վիլյամ Սարոյանի, Մարտիրոս Սարյանի, Քոչարի, Շառլ Ազնավուրի, Սիլվա Կապուտիկյանի, Գոհար Գասպարյանի… Այսօր էլ շարունակում է լուսանկարել հայաստանցի եւ արտերկրում ապրող ու ստեղծագործող մեր մյուս անվանիներին: Մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե, իր խոսքերով՝ թաքնված տեսախցիկով եմ աշխատում եւ գեղարվեստական արժեք ներկայացնող լուսանկար կարելի է ստանալ միայն նման ճանապարհով: Պարոն Կարապետյանը ժամանակից առաջ ընկնելով էլ հայտնեց, թե հաջորդ տարի Երեւանում հանդես կգա իր հոբելյանական ցուցահանդեսով՝ նվիրված ծննդյան 80 եւ աշխատանքային գործունեության 55-ամյակներին:

DSC_4265-(640x424) DSC_4305-(640x424) DSC_4317-(640x424)

Զրույցի ընթացքում Ռոբերտ Կարապետյանը քանիցս շեշտեց, որ ինքը երբեք լուսանկարներ չի վաճառել, թեեւ դրա առաջարկներն ունեցել է թե Հայաստանում եւ թե ԱՄՆ-ում: Փոխարենն ասաց, որ քանիցս իր աշխատանքները պարզապես նվիրել է: «2002թ. Երեւանում գտնվելու ժամանակ Գրականության եւ արվեստի պետական թանգարանին նվիրեցի նկարահանած ժապավեններիս ամբողջ արխիվը: Երկու տարի առաջ էլ Նյու Յորքի «Սրբոց նահատակաց» ամենաօրյա հայ վարժարանին պահ տվեցի «Իմ Երեւան» լուսանկարներիս շարքը… Հայաստանի անկախության 20-րդ տարելիցի առիթով էլ, երբ ցուցահանդես բացեցի Երեւանում, այնտեղ ցուցադրված ողջ լուսանկարներն էլ սիրով նվիրեցի Հայաստանի պաշտպանության նախարարությանը…»,- հայտնեց լուսանկարիչը: Հավելեց նաեւ, որ բացի անհատական ցուցադրություններից, համագործակցում է սփյուռքի որոշ պարբերականների հետ, այդ թվում՝ Բոստոնի «Հայրենիք», Լիբանանի «Զարթոնք», Կանադայի «Ապագա» եւ Լոս Անջելեսի «Համայնապատկեր»:

Լուսանկարչին հիշեցնելով, որ 1960-ականներին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ուսանել է Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի արվեստանոցներում, հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ չի կայացել իբրեւ ռեժիսոր իր ստեղծագործական ուղին: Պարոն Կարապետյանը համամիտ չլինելով «չի կայացել» արտահայտության հետ, միայն հայտնեց, որ ինքը 1973-83թթ. գլխավոր ռեժիսորի պաշտոնն է զբաղեցրել հայկական հեռուստատեսությունում, ընդ որում, աշխատանքն այնտեղ սկսել է 1965-ից:
Հետաքրքրությանը՝ ինչպես է ծանոթացել մեր մեծերի հետ «երկաթյա վարագույրի» տարիներին, լուսանկարիչը հիշեց Վիլյամ Սարոյանի հետ իր առաջին հանդիպումը. «1976-ին Վահագն Դավթյանն ինձ ծանոթացրեց առաջին անգամ Հայաստան այցելած Սարոյանի հետ: Ճիշտ է, իմ կողմից արված նրա առաջին լուսանկարները վարպետին այնքան էլ չգոհացրին, բայց ես «պայքարեցի» մինչեւ վերջ… Երբ 2008թ. Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ տպագրվում էր գիրք-ալբոմ, դիմեցին ինձ եւ ես հատկացրի վարպետի 100 լուսանկարները…Իմիջիայլոց, 1976-ին դարձյալ Հայաստանում եմ ծանոթացել «Ստամբուլի աչք» Արա Գյուլերի հետ»: Արվեստագետը մեծ տեղ է տալիս իր գիրք-ալբոմներին: Հիշեց, որ պայծառահիշատակ Վազգեն Առաջին կաթողիկոսի առաջարկով «Էջմիածնի գանձերը» հայտնի ալբոմի վրա, որտեղ զետեղված են իր 900 լուսապատկերները, աշխատել է 1981-84թթ.: Հիշատակեց «Հայկական գորգեր», «Գանձարան» ալբոմները եւ այլն: Ասաց նաեւ, որ իր՝ իբրեւ լուսանկարչի ուղին ընթացել է այնպես, որ յուրաքանչյուր ցուցահանդեսի համար ստացել է հրավեր, իր ձեւակերպմամբ՝ «1993թ. Նյու Յորքի Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում դարձյալ հրավեր ստացա գեղարվեստական ցուցահանդեսի»:

DSC_4261-(640x424)

DSC_5011-(640x424) DSC_4350-(424x640)

Հիմա էլ, երբ Երեւանում է, առանց լուսանկարչական սարքի տնից դուրս չի գալիս: «Օրերս ներկա էի «Անուշ» օպերայի ներկայացմանը, դարձյալ մի քանի կադրեր արեցի»,- ասաց լուսանկարիչը: Հետաքրքրությանը՝ իսկ իրավունք ստացե՞լ էր դրա համար, պարոն Կարապետյանը ժպտալով պատասխանեց. «Ինձ իրավունք հարկավոր չէ: Ես լուսանկարում եմ առանց լուսարձակի, ասել կուզեմ, որ դա կոնկրետ այս դեպքում խանգարիչ դեր չի կատարում»: Կատակեցինք, թե փաստորեն տարիներ շարունակ զբաղվել է «պիրատությամբ», Ռոբերտ Կարապետյանը լրջորեն հիշեցրեց. «Ինչպես ուզում եք որակեք: Թաքնված տեսախցիկով եմ աշխատում եւ գեղարվեստական արժեք ներկայացնող լուսանկար կարելի է ստանալ միայն նման ճանապարհով»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930