Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես սպանվեց 1,5 միլիոն հայ». ընթերցողին ներկայացվեց «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը

Սեպտեմբեր 24,2015 15:26

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում՝ «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակում այսօր ընթերցողներին ներկայացվեց ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: 2012 թվականին լույս տեսած գիրքը դարձել է ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող գրքերից: Այն սիրո եւ մահվան պատմություն է՝ ջարդի եւ գաղթի ճանապարհին: Բոհջալյանի խոսքով՝ գիրքը ներկայացնում է, թե ինչպես առանց որեւէ մեկի իմանալու՝ սպանվեց 1,5 միլիոն հայ:

«Հերոսս պատմում է իր տատի եւ պապի պատմությունը: Նրանք հանդիպում եւ սիրահարվում են 1915-ին: Քանի որ գրել եմ նաեւ ամերիկացի ընթերցողների համար, հերոսուհու տատը գրքում ներկայացվում է որպես ամերիկուհի: Նրա սիրեցյալը՝ Պետրոսյանը, կռվող հայի կերպար է: Ես ատում եմ հայերի՝ առանց կռվի զոհվելու մասին պատմությունները, ժամանակն է մտածել Վանի հերոսամարտի եւ Մուսալեռան պաշտպանության մասին»,-ասաց Քրիս Բոհջալյանը: Նա անկեղծացավ՝ ասելով. «Չէի սպասում, որ վեպը կընթերցվի ԱՄՆ-ից դուրս՝ ամբողջ աշխարհում: Մինչդեռ 2010 թվականին, երբ սկսեցի գրել վեպը, ԱՄՆ-ում շատերը չգիտեին Հայոց ցեղասպանության մասին»:

Բոհջալյանը պատմեց, որ իր հայրական եւ մայրական կողմի ծնողներն ապրել են ցեղասպանությունը, սակայն այդ մասին ժառանգները շատ քիչ բան են իմացել: Գրքում ներառված են նաեւ հայկական ավերված եկեղեցիների եւ գերեզմանների լուսանկարներ, որոնք հեղինակն արել է Արեւմտյան Հայաստանում:

Նշենք, որ Բոհջալյանի գրքերը թարգմանվել են 30 լեզուներով եւ հրատարակվել 20 երկրում: Վեպերից 7-ը գլխավորել են «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Ընթերցողներին ներկայացվեց նաեւ ռումինահայ գրող, քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի՝ Ցեղասպանության մասին պատմող «Շշուկների մատյան» գիրքը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, գրքի թուրքերեն թարգմանության հրատարակությունը կիսատ է մնացել, քանի որ հրատարակիչը փախել է Թուրքիայից՝ հետապնդումներից խուսափելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930