Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանին առաջարկում են այս տարի թանկ կոնյակներ գնելու փոխարեն թող սահմանամերձ համայնքներին օգնի

Սեպտեմբեր 26,2015 12:10 Share

Այսօր «Անդադարձ» մամուլի ակումբում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խմբի անդամները տեղեկացրեցին, որ ստորագրահավաք են անցկացնում՝ դիմելու Երեւանի քաղաքապետարանին, որ գոնե այս տարի Երեւանի տոնակատարությունների գումարից մի հատված հատկացվի սահմանամերձ համայնքներին:

Նախաձեռնող խմբի անդամ Լեւոն Զաքարյանի խոսքերով. « Իհարկե, կարեւորում ենք մայրաքաղաքի տոնը, Երեւան քաղաքի տոնը: Բայց մայրաքաղաքը միայն երեւանցիներինը չի, նաեւ սահմանամերձ համայնքների բնակիչներինն է, նրանց համար էլ պետք է տոն կազմակերպել: Մենք դրա մեջ հիստերիկայի մեջ ընկնելու առիթ չենք տեսնում: Մարդիկ կան, որ ասում են՝ տոն ա, չանե՞նք: Անենք, բայց ոչինչ չի պատահի, եթե հրավառություն չլինի:  Ես կողջունեմ, եթե միայն հրավառության գումարը փոխանցեն Պառավաքար գյուղին: Ոչ ոք չի նեղվի, եթե այս անգամ հրավառություն Երեւանում չլինի: Մենք Երեւանի տոների դեմ չենք պայքարում: Մենք էլ ենք երեւանցի»:

Սուրեն Էյրամջյանն էլ նշեց, որ բոլոր տոնակատարությունների ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում Երեւանին, վատ չէր լինի գոնե տոնակատարությունները հասներ սահմանամերձ մարզերին: Երեւանի տոնակատարությունները պճնանքով են արվում, կարելի էր համեստություն մտցնել եւ մնացած գումարն ուղղել սահմանին:

Արդեն 2000-ից ավելի ստորագրություն է հավաքվել՝ քաղաքապետարանին դիմելու համար:

Հարցին՝ հաշվարկներ ունե՞ք, ի՞նչ է անհրաժեշտ սահմանամերձ համայնքներին՝ խմբի անդամ Սոֆյա  Հովսեփյանը պատասխանեց. «Մենք պարտավոր չենք հաշվարկ անելու, ընդամենը խնդիրներն ենք բարձրացնում: Պառավաքար գյուղում կա, ենթադրենք, խաղահրապարակի խնդիրը, դպրոցի կահավորման եւ միաժամանակ ջրի խնդիր, մենք ջրի խնդրին ենք կարեւորությունը տալիս: Եթե կա պաշտպանիչ պատի անհրաժեշտություն, նախ կարեւորությունը տալիս ենք անվտանգությանը: Գյուղեր կան, որ ամբողջությամբ կրակադաշտում են գտնվում»:

Նա նշեց, որ մեծամեծեր ունենք, որ Երեւանի տոնին սովորական շապիկների, դրոշակների, գլխարկների համար այնքան գումար են ծախսում ու ամեն տարի նորն են գնում, ինչո՞ւ:

Տարեցտարի մեծանում է Երեւան քաղաքի բյուջեն, բայց ոչ մի ուշադրություն չի դարձվում մարզերին:

Նախաձեռնության անդամներն ասացին, որ իրենց ֆեյսբուքյան էջում հաշվեհամար կա, որին ամեն ամիս որոշակի գումարներ են փոխանցում՝ սկսած 500 դրամից: Ամսական կտրվածքով մեծ գումար չի հավաքվում՝ մոտ 250 հազար դրամ, որի ծախսի հետ կապված ամեն ամիս հաշվետվություն են ներկայացնում: Բայց նախաձեռնության անդամները նշեցին, որ, օրինակ, պաշտպանիչ պատի կառուցման հետ կապված միայն մի նախաձեռող խումբը ոչինչ չի կարող անել, պետական աջակցություն է պետք, պետական լուծման կարիք ունեցող խնդիրներ են:

Մեր հարցին՝ Երեւանի քաղաքապետարանը Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակ միայն 30 մլն դրամ էր ծախսել՝ թանկարժեք կոնյակներ ու բաժակներ գնելու եւ հյուրերին նվիրելու համար: Երբ Երեւանի փոխքաղաքապետ կամո Արեյանին լրագրողները հարց ուղղեցին, թե ի՞նչ եք արել այդ կոնյակները, շատ հանգիստ պատասխանեց՝ խմել ենք, ի՞նչ պիտի անեինք: Հիմա այդ քաղաքապետարանից ի՞նչ եք ակնկալում՝ Սուրեն Էյրամջյանը պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ կան գումարներ, որ նպատակահարմար չեն ծախսվում, եթե չասենք վատնվում են: Վատ չէր լինի, որ գոնե այդ գումարները տնտեսվեին եւ ավելի նպատակահարմար ծախսեին»:

Լեւոն Զաքարյանի դիտարկմամբ՝ «Այնպես չի,որ չգիտենք իրենց կոնյակների ու բաժակների մասին: Դա թողում եմ իրենց խղճին: Եթե կարող են թանկանոց բաժակներով կոնյակ խմել ու դա հավասարազոր է սահմանամերձ համայնքին օգնելուն, ես համեմատություն անգամ չեմ տանում, դա բարոյականությունից զուրկ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930