Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարը Գորիկ Հակոբյանի մեղքը չի տեսնում, գլխավոր դատախազի հետ էլ չի համաձայնում

Հոկտեմբեր 06,2015 21:37

Aravot.am-ը Լենինականի նախկին միլպետ, 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Գալստյանից հետաքրքրվեց, թե ի վերջո կա՞ Հայաստանում մի կառույց, որը պատասխանատվություն կրի Վահան Մարտիրոսյանի ու նրա ընտանիքի Ադրբեջանում հայտնվելու համար. չէ՞ որ նա գտնում էր քրեական հետապնդման մեջ, երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ էր ազատ արձակվել:

Մենք հիշեցրեցինք, որ ԱԱԾ-ն այստեղ չի տեսնում իր մեղքի բաժինը՝ նշելով, որ «Վ. Մարտիրոսյանի կողմից հայ-վրացական սահմանը հատելու պահին սահմանահատումն արգելելու իրավական հիմքեր չեն եղել», ոստիկանությունն ու քննչական կոմիտեն էլ միմյանց են մեղադրում:

Նախկին նախարար Լևոն Գալստյանի համոզմամբ, հատուկ հետաքննություն են անցկացնում պարզելու, թե ինչպես է այդ «վիժվածքը» Հայաստանից անցել Վրաստան, այլ հարց է՝ արդյունքների մասին կտեղեկացնե՞ն ժողովրդին, թե՞ ոչ: Չնայած, ըստ նրա, ճիշտը մարդկանց պարզաբանելն է, թե ինչպես եղավ, որ սահման անցնելը դարձավ այդքան հեշտ:

«Եթե նա քրեական հետապնդման մեջ էր, միջոցներ պետք է ձեռնարկեին, որ չբացակայեր երկրից: Եթե ստորագրություն էին վերցրել բնակավայրից չհեռանալու մասին, պետք է վերցնեին նրա անձնագիրը եւ հայտնեին նրա բնակության վայրի անձնագրային բաժին, որ նրան նոր անձնագիր չտրվեր: Եթե տվյալներ կային նրա անձնի վերաբերյալ, որ վիժվածք է, չգիտեմ ունեցե՞լ են տվյալներ, թե՞ ոչ, համենայնդեպս նա կարողացել է իր սեւ գործը անել, ստորագրությունը տալուց հետո կարողացել է կազմակերպել նաեւ անձնագիր վերցնելը, վերցրել է կնոջը, երեխային, անցել:

Ո՞նց է անցել սահմանը, մեր սահմանը էդքան հե՞շտ է անցնելը, անհասկանալի է, ուրեմն սահմանը բաց է փաստորեն, որ նա էդպես անցել է: Դրանից հետո նա անցել է Վրաստան -Ադրբեջան սահմանը, այնտեղ երեւի արդեն պայմանավորված են եղել, որ նման սրիկա է գալիս, որ պետք է օգտագործեն Հայաստանի դեմ: Այդտեղ արդեն պարզ է, ուրիշ բան լինել չի կարող. պայմանավորված է եղել նրա անցումը Վրաստանից Ադրբեջան, նա իրենից ոչ մի վտանգ չի ներկայացրել, բայց Հայաստանից ինչպե՞ս է անցել Վրաստան, դա արդեն հատուկ հետաքննության թեմա է, որը, իմ կարծիքով, վարվում է, թե հետեւանքները ինչպես կլինեն, կհայտնե՞ն ժողովրդին, չեն հայտնի, դա արդեն այդ հարցով զբաղվողների գործն է, բայց լավ կլինի մարդիկ իմանան, թե ինչպես կարելի է հանգիստ անցնել սահմանը», -ասում է Լեւոն Գալստյանը:

Հարցին՝ չեք տեսնում այստեղ Ազգային անվտանգության ծառայության բացթողումը , մեր զրուցակիցը պատասխանեց. «Ազգային անվտանգության ծառայությունը նուրբ եւ ուրիշ ծառայություն է, եւ նրա ղեկավարը, որին ես շատ եմ հարգում, որը նաեւ մեր համաքաղաքացին է, լեննականցի է, իսկ դա ամեն ինչ ասում է, դժվար թե ինչ-որ բացթողում արած լիներ, եթե գիտենար այդ սրիկայի մասին: Այդ ծառայությունը չէր կարող իմանալով հանդերձ չկազմակերպեր այնպես, որ սրիկան կարողանար սահման անցնել: Չեն գիտեցել, նրանց չեն հայտնել, որ նման անձը հետապնդման մեջ է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված, եթե ոչ նրանցից դժվար է սպասել, որ նրանք հանկարծ իրենց ծառայության մեջ ինչ-որ բացթողում թույլ կտան: Երկրից բացակայելու իրավունք չունեցողների ցուցակը պետք է տրամադրվի սահմանապահներին, չստացվի որ նա էլ մի ուրիշ Պերմյակով է, որը 4 ժամ կարող է զինված ման գալ քաղաքում ու ոչ ոք չնկատի: Եթե սահմանապահներն էլ ուշադիր լինեին ու հմուտ , կզգային, որ սրանց մոտ ինչ-որ բան այն չէ: Հնարավոր չէ, որ սրանք շփոթված չլինեին, վերջիվերջո նրանց մոտ կյանքի ու մահվան հարց էր. եթե բռնվեին, ծանր պատժամիջոց էր նախատեսվում: Սա էլ մեր սահմանապահների ուշադրությունից դուրս է մնացել»:

Իսկ ի՞նչ անել, որ նման դեպքերը չկրկնվեն, նախկին նախարարը կարծում է, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ բնակավայրից չհեռանալու մասին ստորագրություն վերցրած անձանցից անձնագրերը վերցնելը հարցի լուծում չէ: «Ասում են գլխավոր դատախազը կարգադրել է նման դեպքերում անձնագրերը վերցնել, դա ի՞նչ կտա, նոր անձնագիր գնելը շատ դժվար մի գո՞րծ է: Պետք է սահմանը ուժեղացնել, հսկողությունը ուժեղացնել ցանկացածի նկատմամբ, ոչ մեկի նկատմամբ չպետք է բացթողում լինի: Սահմանը պետք է պահպանեն իրոք սահմանապահներ, սահմանապահ բառը իր մեջ ամեն ինչ ընկալում է: Սահմանապահ նշանակում է իրոք հայրենիքի սահմանը պահող, նրանք չպետք է թողնեն, որ ամեն տականք կարողանա անցնել սահմանը, պետք է ուժեղացնել սահմանի պահպանությունը թե՛ տեխնիկապես, թե՛ մարդկանցով:

Սահմանապահ զորամասերում, ես գիտեմ նախկինում, ասենք մեր քաղաքի՝ Լենինականի «Կարմրադրոշ» սահմանապահ ջոկատում ընտրովի տղաներ էին, ամեն զինվոր չէր կարող սահմանապահ ծառայել: Ընտրովի տղաներ էին ծառայում, ամեն ինչի ունակ՝ ե՛ւ ֆիզիկապես ե՛ւ մտավոր զարգացած, եւ իրոք հայրենիքին նվիրված, եւ իրոք սահման պահողներ: Դա՛ պետք է անել, թե չէ անձնագիրը վերցնես, չվերցնես, եթե այնտեղ կանգնած է մեկը, որը կարող է մի քանի դոլարի կամ չգիտեմ ինչի դիմաց քեզ բաց թողնել, ի՞նչ նշանակություն ունի անձնագիրը վերցրեցիր, թե չվերցրեցիր, հատկապես երբ մամուլից եմ կարդացել, թե էդ սրիկան նոր, արտասահմանյան անձնագիր է գնել:

Չեմ կարող ասել ճիշտը, ասում եմ այն, ինչ կարդացել եմ: Երբեմն կարդում ես՝ Նոյեմբերյանում գյուղացին անցել է սահմանը, ո՞նց կարող է անցնել, թուրքերը բռնեցին տարան, մեկին սպանեցին, էն մյուսին կիսամեռ, ծեծելով, ջարդելով հետ բերեցին… Էսօր կարդում եմ, որ ստեղծել են տեխնիկական միջոցներ, որոնք ապահովելու են սահմանի ամրությունն ու անվտանգությունը, Աստված տա մեր սահմանները լինեն ամուր ու անվտանգ»:

Ըստ Լեւոն Գալստյանի, Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից ոչ մի երրորդ երկիր չի տեղափոխվի, նա Ադրբեջանում էլ կմնա, քանի որ թուրքից էլ վատն է: Ադրբեջանում, ըստ մեր զրուցակցի, Վահան Մարտիրոսյանին կպահեն ամենալավ պայմաններում, շատ լավ կվարվեն նրա հետ, մեծ գումարներ կտան, բոլոր ճանապարհները կբացեն նրա առջեւ, քանի դեռ նրան օգտագործելու տեղ ունեն, իսկ երբ եկավ ժամանակը «քամած լիմոնի պես մի կողմ կշպրտեն»:

Մեր զրուցակցի բնութագրելով, ադրբեջանցիներն ամեն ինչի ունակ են, եւ Վահան Մարտիրոսյանը լավ գիտի, թե ինչպես կարող են վարվել իր հետ: «Նա իր պատիժը ընտրել է, դավաճան պիտակը գնդակահարությունից մեծ պատիժ է, ամբողջ աշխարհում գիտեն, որ նա դավաճան է, ինչ ազգ ուզում է լինի, եթե նա դավաճանում է իր երկիրը, իր ժողովրդին…Ճիշտ է՝ մենք թերություններ շատ ունենք, ո՞ր երկիրը չունի, բայց երբ որ գնում, դա թշնամուն ես մատուցում… Ինձ թվում է նրա գործողության մեջ ամենամեղքը նրա երեխան է, որը չգիտես ինչ է մեծանալու՝ դավաճանի՞ զավակ է մեծանալու, թե հայրենասերի զավակ: Երբ որ նա հասկացավ ինչն ինչոց է, ինձ թվում է՝ այդ ընտանիքում ողբերգություն կլինի, որովհետեւ եթե նրանց զավակը իրոք հայ է, չի կարողանա տանել հոր դավաճանությունը, չեմ ուզում հիշեցնել Րաֆֆու Սամվելը», -ասում է նախկին նախարարը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031