Լրահոս
Օրվա լրահոսը

«Իդիոտ» բառի ստուգաբանությունը՝ ԱԺ-ում. պատգամավորները սխալների ուղղում են անում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 16:23

«Իդիոտ բառը ոնց է առաջացել: Կրթված մարդիկ գիտեն, որ իդիոտը մի բառ է, որը կիրառվել է աթենյան ժողովրդավարության ժամանակ եւ բնութագրել է այն մարդկանց, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, չեն զբաղվում քաղաքականությամբ, մասնակցություն չունեն հանրային գործերին: Սա է այդ բառի ստուգաբանությունը: Իհարկե, հետո բառը էվոլյուցիա ապրեց եւ հիմա նշանակում է ապուշ»,- այսպես ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իդիոտ բառի ստուգաբանությունը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա, եթե մենք չենք ուզում իդիոտ հասարակություն ունենալ, ապա Հանրային հեռուստաընկերությունը պետք է կատարի իր առաջնային առաքելությունը՝ քաղաքական ճշգրիտ տեղեկատվություն տրամադրի մեր հանրությանը. «Հանրային հեռուստաընկերությունը իր վրա վերցրել է իդիոտացնելու առաքելություն՝ ինչքան հնարավոր է՝ մարդկանց հեռու պահել քաղաքականությունից: Եթե անգամ անդրադառնում է քաղաքական թեմաներին, հիմնական գործառույթը իշխանության պաշտպանությունն է: Հանրային հեռուստառադիոընկերությամբ քաղաքական ընտրարշավներից դուրս քարոզչությունն արգելվում է: Սա ուղղակի այն է, ինչ դուք անում եք՝ գովերգելով իշխանությանը, վարկաբեկելով ընդդիմությանը՝ապահովելով մեկ քաղաքական դիրքորոշման գերակշռությունը»:

Նա հարցրեց Ռուբեն Ջաղինյանին՝ ինչո՞ւ են խախտում օրենքի այս պահանջները. «Եթե դուք կարողանայիք այստեղ ճշմարտությունն ասել, կասեիք, որ սիրելի ժողովուրդ, հավատացեք, այդ ամենի հետ ես ոչ մի առնչություն չունեմ: Ես կուզեի հրապարակել, թե ով է իրականում Հանրայինում զբաղվում քաղաքական հաղորդումների, լրատվականում քարոզչություն առաջ տանելու գործում: Կար մի ՊՈԱԿ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն՝ Արիկ Սաղաթելյանի գլխավորությամբ, որը այս գործի ղեկավարն է: Բայց կա նաեւ գլխավոր գերագույն ղեկավարություն, որը կիսված է Վիգեն Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի միջեւ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սխալների ուղղում արեց Լեւոն Զուրաբյանի ստուգաբանության մեջ. «Իդիոտը հայերեն նշանակում է ապուշ, որը բաղկացած է ապ ժխտական ածանցից եւ ուշ արմատից եւ նշանակում է անուշադիր»:

Նա դիմեց Ռուբեն Ջաղինյանին, որ ավելի շատ լուսաբանեն ընդդիմության գործընկերներին, որ իրենց ռեյտինգն ավելի ընկնի:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում է պատասխանել Զուրաբյանին՝ նշելով, որ ջերմության մեջ է եւ ծիծաղում է այդ ելույթի վրա. «Պարոն Զուրաբյանն այնպես «բորշեց» տեղեկատվական դաշտի ու դրա կառավարման մասին իր պատկերացումներում, որ բացի քրքրջալուց, այլ բան չի մնում անել: Հիմա հասկացա, թե ինչու են ՀԱԿ-ի մեր գործընկերները ամեն ինչում այդպես ձախողում. նրանք նույնիսկ ի վիճակի չեն տեղեկատվական դաշտի պես հսկա համակարգի մասին իրական տեղեկատվություն ստանալու: Իսկ իրականության հետ կապ չունեցող հեքիաթների հիման վրա ռազմավարություն մշակելը անխուսափելիորեն բերելու էր նրան, ինչին բերել է: Որպես Հանրայինի լրատվական ծառայության նախկին պատասխանատու, ես ծիծաղում եմ այդ ոլորտի մասին Ձեր «գիտելիքների» վրա, պարո՛ն Զուրաբյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031