Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Լեկանտ. «Ռուսաց լեզուն չի փչացել»

Հոկտեմբեր 27,2015 17:34

«Sputnik Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցավ մուլտիմեդիոն դասախոսություն` Մոսկվա-Քիշնև-Երևան-Աստանա ձևաչափով` «Ժամանակակից դարձվածաբանության առանձնահատկությունները» թեմայով։ Առաջատար գիտնական-բանասերները պատմեցին ժամանակակից ռուսաց լեզվի հարստության և արտահայտչականության, գործածության յուրահատկությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ազդեցության ներքո ռուսերենի զարգացման մասին:

«Ռուսերենի խնդիրներից խոսելիս պետք է նախ Ռուսաստանի խնդիրներին անդրադառնալ: Ռուսաստանում խնդիր կա կապված մայրենի ու «ոչ մայրենի լեզու» բնորոշումների կիրառության հետ: Կան այսպես կոչված երկլեզու մարդիկ, որոնք միաժամանակ տիրապետում են ռուսերենին եւ ազգային ինչ-որ լեզվի: Շատերն ասում են, որ երկու մայրենի ունեն, ինչը բացատրվում է բազմազգ բնակչությամբ: Մինչդեռ ռուսերենը մեր երկրի պետական լեզուն է: Հիշեցնեմ, որ ԽՍՀՄ-ում ռուսերենը պետական լեզու չէր, ուստի ասել, որ ԽՍՀՄ-ը պարտադրում էր ռուսերեն սովորել, ճիշտ չէ, բայց ժողովուրդների միջեւ շփման լեզու էր»,-ասաց Մոսկվայի պետական շրջանային համալսարանի պրոֆեսոր Պավել Լեկանտը:

Ռուսաց լեզվի խնդիրներին անդրադառնալով՝ նա վերհիշեց, որ տարիներ առաջ մի ուսանող իրեն հարցրել է՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ռուսերենը «փչացնում» են. «Այդ հարցն ինձ այսօր էլ են հաճախ ուղղում: Ռուսերենը չի փչանում, երբեք չի փչացել եւ չի փչանալու: Այդպես ասողները նախ ռուսերենն օգտագործելու կարողություն պետք է ունենան: Նրանք չեն սիրում սովորել ռուսերեն: Բայց ասեմ, որ այս վերաբերմունքը գնալով նահանջում է»:

Պրոֆեսորի խոսքով՝ լրատվամիջոցների ներկայացուցիչները բավարար չափով տիրապետում են ռուսերենին, բայց երբեմն «տեքստից կտրվելով»՝ սխալվում են. «ԱՊՀ երկրներում այդպես է, օրինակ երբեմն չեն կարողանում ճիշտ խոնարհել բայերը: Կարող ենք մտածել, որ այդպիսի սխալները ներելի են, սակայն այդ դեպքում ամեն սխալ կդառնա ներելի: Իսկ եթե լրագրողը պրոֆեսիոնալ է, այդպիսի սխալները ներելի չեն»:

Պավել Լեկանտն անդրադարձավ նաեւ ռուսերենում որոշակի բառերի եւ արտահայտությունների սխալ կիրառությանը, ներկայացրեց տարբեր ժամանակահատվածներում ռուսերենի զարգացման առանձնահատկությունները: Հավելենք, որ տեսակամուրջը եզրափակում է Ռուսաստանի և արտերկրի` ռուսերենով աշխատող լրագրողների համար նախատեսված դասախոսությունների շարքը, որը կազմակերպել են «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ն և ՌԴ կրթության և գիտության նախարարությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031