Տարեվերջին Հայաստանի Հանրապետությունն ու եվրոպական Միությունը կսկսեն բանակցել նոր իրավապայմանագրային բազա՝ երկու տարի առաջ չստորագրված Ասոցացման համաձայնագրի փոխարեն։ Այս ընթացքում փոփոխությունների է ենթարկվում նաև ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը։ Սպասվող վերանայումների և ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շուրջ «168 ժամը» զրուցել է Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների բաժնի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր, գերմանացի փորձագետ Սյուզան Ստյուարտի հետ։
– Տիկին Ստյուարտ, երկու տարվա դադարից հետո Հայաստանն ու Եվրոպական Միությունը պետք է սկսեն աշխատանքները նոր համաձայնագրի մշակման ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների ՀՀ-ԵՄ նախկին բանակցություններից հանվել է այն ամենը, ինչ հակասում է ՀՀ ԵՏՄ անդամակցությանը՝ հիմնականում առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող, նոր համաձայնագրում գուցե օգտագործվեն նախկին բանակցությունների արդյունքները, ըստ պաշտոնյաների պնդումների, ինչը նշանակում է քաղաքական համագործակցություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, ինչն էլ ենթադրում է ընդհանուր արժեհամակարգ։ Սա, ըստ Ձեզ, համադրելի՞ է Եվրասիական տնտեսական միության տարածքում արդեն նշմարվող արժեհամակարգի հետ։
– Եթե դիտարկենք, որ Եվրասիական տնտեսական միությանը լավ ապագա է սպասվում, ապա սա համադրելի չէ։ Բայց տեսեք, թե ինչ է կատարվում ներկայումս։ ԵՏՄ առաջատար երկրները նույնիսկ համաձայն են, կարծես, ժամանակավորապես չընդլայնել կառույցն իրենց խնդիրների պատճառով, ԵՏՄ-ն անարդյունավետ է ԵՏՄ անդամ երկրների համար, իսկ ՌԴ տնտեսությունը գնալով ավելի ու ավելի վատ վիճակում է հայտնվում, թեև ՌԴ իշխանությունները դեռ շարունակում են համարձակ քայլերի դիմել Մերձավոր Արևելքում։ Այս ոչ կայուն շրջանում նման համադրումներ հնարավոր են։ Ենթադրում եմ, որ դա անցողիկ մի բան պետք է լինի, որից հետո գուցե ՀՀ-ն ցանկանա ստորագրել Ասոցացման համաձայնագիր։ Իսկ բանակցվելիք փաստաթուղթը ՀՀ-ԵՄ կապը չկորցնելու համար է։
– Ձեր կարծիքով՝ կարելի՞ է վստահ լինել, որ փաստաթուղթը կստորագրվի՝ հաշվի առնելով 2013թ. սեպտեմբերի 3-ի անակնկալը։
– Կարծում եմ՝ կարելի է ենթադրել, որ կստորագրվի, եթե պնդումներ կան, որ ԵՏՄ-ին հակասող բոլոր դրույթները հանվում են։ Այս ձևաչափը, ըստ իս, ներկայումս ամենահարմար տարբերակն է Հայաստանի համար։ Փաստորեն ԵՄ-ն հարմարվում է Հայաստանի ընտրությանը։ Այսօր ՌԴ-ն աշխատում է
աշխարհում իր դերը և իր իմիջը վերականգնելու ուղղությամբ, ուղիղ
առճակատումներից խուսափում է։ Ըստ իս՝ սա ևս դրական գործոն կլինի Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրի համար։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում