Առաջարկում եմ մինչև 2017 թվականը ՀՀ ընտրական համակարգում ներդնել Ղրզստանի ընտրական փորձը: Այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների և երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները և «կառուսելների» կազմակերպումը:
Այսօր խորհրդարանում քննարկվում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը լավ առիթ է ներկայացնելու համար վերջերս Ղրղզստանում իրականցված ընտրությունների փորձը, որտեղ մասնակցում էի դիտորդական առաքելությամբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Բոլորս հիշում ենք, որ Ղրղզստանն անցել է երկու հեղափոխությունների միջով, որը մեծ վնաս է հասցրել պետությանն ու ժողովրդին, ինչի հիմնական պատճառները եղել են ընտրությունների ժամանակ տեղի ունեցած կեղծիքները, ժողովրդի անվստահությունն ընտրական համակարգի նկատմամբ: Գործող իշխանությունը քաղաքական կամք է դրսևորել իրավիճակից դուրս գալու համար՝ անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքը կասկածի տակ չի դրվի, իշխանությանը կտա ամբողջական լեգիտիմություն, իսկ ժողովրդի աչքում կբարձրանա ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը:
Ղրղզստանում իշխանությունները մեկ տարի առաջ հայտարարել և իրականացրել են բիոմետրիկ քարտերի տրամադրում, միայն նշված քարտերով էր հնարավոր մասնակցել ընտրություններին: Ընտրատեղամասում պատասխանատվությունը կիսված է անձնագրային վարչության և ընտրական հանձնաժողովի միջև. անձնագրային վարչությունը վարում է ընտրողների տվյալների ռեգիստրը և տրամադրում կտրոն, որը վերցնելով՝ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը պետք է տրամադրի քվեաթերթիկ:
Կարդացեք նաև

Տեղամասում գտնվող դիտորդներն ու վստահված անձիք մոնիտորին նայելով տեսնում են, որ մոնիտորի վրա արտացոլված և ներկա անձը նույն անձն են, և կասկած չի առաջանում օրինակ մահացածների փոխարեն քվեարկելու կամ նման այլ կեղծիքի վերաբերյալ: Ստացված կտրոնով անձը մոտենում է ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին ու ստանում քվեաթերթիկ, որի վրա կարող է նշում կատարել բացառապես քվեախցիկում տեղադրված գրիչով, այլապես էլեկտրոնային քվեատուփը չի ընդունի այդ քվեաթերթիկը:

Վերջում համեմատվում է բիոմետրիկ տվյալներով կտրոնների և քվեարկած թերթիկների քանակը և կազմվում արձանագրություն: Այս մեխանիզմն ամբողջությամբ մաքրում է ընտրացուցակները, բացառում լցոնումները, մահացածների և երկրից բացակայողների փոխարեն քվեարկությունները, «կառուսելների» կազմակերպումը:
Կարծում եմ՝ այս փորձն անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել և ներդնել նաև Հայաստանում, քանի որ մենք ևս ներդրել ենք բիոմետրիկ անձնագրերի համակարգը և վաղուց խնդիր ունենք ընտրությունների կազմակերպման գործընթացի մակարդակի բարձրացման:
Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ
ԱԺ պատգամավոր


















































