Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում մայրաքաղաքից զորակոչված ևս 47 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին, ինչպես նաև խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով: Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով իրականացվող ծրագրում այս անգամ ընդգրկվել են ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զինվորները:
Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների համար կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում կազմակերպվել է հանդիպում ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի հետ:
Հանդիսության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միջև ձևավորված համագործակցության արդյունքում կյանքի են կոչվում տարբեր ծրագրեր, որոնց թվում նաև` երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների պարբերական հանդիպումները:
«Դուք, սիրելի զինվորներ, հրամանատարական և սպայական կազմի հետ մեկտեղ ապահովում եք մեր երկրի սահմանների և մեր խաղաղությունը: Ուզում եմ ձեզ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցնել, որ մենք էլ այստեղ մշտապես լինելու ենք ձեր ծնողների կողքին, նրանց օգնականն ու աջակիցը: Կարծում եմ` բոլորդ տեղյակ եք երևանաբնակ զինվորների ծնողներին տարեկան առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասեր ուղեկցելու` արդեն ավանդույթ դարձած մեր ծրագրի մասին, որը բավական մեծ արձագանք է գտել: Մեր մյուս նախաձեռնությունը, որի մասնակիցներն այժմ դուք եք, ևս շարունակական է լինելու: Ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է խրախուսել և աջակցել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, մեր բանակի մարտունակությանը, մեր զինվորի անվտանգ ծառայությանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը։
Կարդացեք նաև

Հանդիսավոր արարողության ընթացքում առավել աչքի ընկած 16 զինվորներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Իսկ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողներն էլ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ զինված ուժերի երգի ու պարի համույթի անդամները:
Հիշեցնենք, որ մինչ այս, նախորդ երկու նմանատիպ հանդիպումները կայացել էին ՀՀ ՊՆ 3-րդ և 1-ին բանակային կորպուսների հրամանատարների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































