Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի եւ նրա ներկայացուցիչների բողոքը: Դատարանը գտավ, որ առաջին ատյանի դատական ակտն օրինական է:
Aravօt.am-ի հետ զրույցում «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ հաշվի առնելով մեր դատաիրավական համակարգը` այս որոշումը կանխատեսելի էր: Նա նաև տեղեկացրեց, որ այս վճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ լրագրողը պահանջում է բեկանել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ պարտավորեցնել նախաքննական մարմնին շարունակել նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը։

Կարդացեք նաև

Դիտարկմանը` լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքը քաղաքականության չի՞ վերածվում հենց իշխանությունների թողտվությամբ, պարոն Մովսիսյանը համաձայնեց ու մանրամասնեց. «Ակնհայտ օրենքի խախտում էր, ակնհայտ խոչընդոտում, խուլիգանություն էր, որն անտեսվեց դատարանի կողմից»:
Հարցին` սա սպառնալիք է նաև ազատ խոսքի՞ն, կա՞ մտավախություն, որ նմանատիպ դեպքերից հետո լրագրողներն ավելի զգուշավոր կդառնան, «Ա1+»-ի տնօրենն արձագանքեց. «Դրանց ուզածն էլ հենց դա է, որ ավելի զգուշավոր, վախեցած ու կաշկանդված լինեն լրագրողները: Բայց լրագրողները հստակ հասկանում են, որ սա քաղաքականություն է: Լրագրողները նման դեպքերի մասին պիտի բարձրաձայնեն ու սթափեցնեն ղեկավարությանը»:
Ըստ պարոն Մովսիսյանի` նման դեպքերը նաև հակասում են իշխանությունների այն հայտարարություններին, թե մեր երկրում մամուլն ազատ է և դրական զարգացման միտում կա: Նա եզրափակեց. «Ես չէի ուզենա այդ ամենը տեսնել` որպես ժողովրդավարական երկրի զարգացման դեկորացիա: Բայց այս դատավարությունները հենց դրան են հանգեցնում. մի կողմից գոռում-գոչում են, թե մամուլը մեզ մոտ ամենաազատներից մեկն է, մյուս կողմից այս դեպքերը ցույց են տալիս, որ վախեցնելու մթնոլորտը շարունակվում է: Դրանով խոչընդոտում են ազատ խոսքին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Դատարանը մերժե՞ց, դատարանը որոշե՞ց, ի՞նչ դատարան, Հայաստանում դատարան կա՞: Ամո՜թ, խայտառակությո՜ւն է, ի՜նչ դատարան: