Լրահոս
Օրվա լրահոսը

Shamshyan.com-ը չունի՞, թե՞ չի պահպանել Տիգրան Սարգսյանի վերաբերյալ՝ Փայլակ Հայրապետյանի հարցազրույցի ձայնագրությունը

Դեկտեմբեր 02,2015 18:02

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցով դատական գործի քննությունը (նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյան):

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը պահանջում է պարտավորեցնել Փայլակ Հայրապետյանին «shamshyan.com» էլեկտրոնային զանգվածային լրատվական միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաեւ Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում, եւ դատական ծախսերը՝ ներառյալ փաստաբանի վարձատրության գումարը: Այս գործով երրորդ անձ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: «Շամշյան մեդիա» ՍՊԸ-ից կրկին որևէ մեկը չէր ներկայացել դատարան. ծանուցման ծրարը «չպահանջված» գրությամբ վերադարձվել է դատարան:

Մինչ դատաքննության անցնելը քննարկվեց պատասխանողի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը՝ ստանալ Փայլակ Հայրապետյանի և Shamshyan.com կայքի լրագրողի միջև տեղի ունեցած հարցազրույցի ձայնագրությունը: Գրիշա Բալասանյանը շեշտեց, որ Փայլակ Հայրապետյանը շարունակում է պնդել, որ իր խոսքը խեղաթյուրվել է և այնպես չի ներկայացվել, ինչպես ինքն է ասել:

Գրիշա Բալասանյանը չժխտեց, որ զրույց իրականում տեղի է ունեցել. «Փայլակ Հայրապետյանը չի ասել, որ Տիգրան Սարգսյանը մասնակցել է այդ հայտնի խորհրդակցությանը, այլ ասել է, որ նրան տեսել է աստիճանների վրա: Փայլակ Հայրապետյանն ասել է ոչ թե գումարը փոխանցվել է Տիգրան Սարգսյանի հաշվին, այլ այն ընկերությանը, որտեղ նա ունի բաժնեմաս: Ոսկի գնելու հետ կապված ասել է, որ Աշոտ Սուքիասյանը գնել է ոսկի, նա չի ասել, ո՞ւմ համար, ինչի՞ համար»:

Նախագահող դատավորը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է պնդել իր պահանջն ամբողջ ծավալով պատասխանող կողմից նրա հայտարարություններից հետո, պարոն Օրբելյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ դատարանը ապացուցման բեռը դրել է Փայլակ Հայրապետյանի վրա: Եթե հերքում հրապարակվեր, ապա այդ ժամանակ գուցե: Փոփոխված տարբերակով այդ արտահայտությունները նույնպես արատավորում են Տիգրան Սարգսյանի բարի համբավը, քանի որ Տիգրան Սարգսյանն այդ ընկերությունների հետ որևէ կապ չունի»:

Նա նշեց, որ մնում են հրապարակված փաստաթղթի շրջանակներում: Արամ Օրբելյանը նաև հստակեցումներ կատարեց փաստաբանական ծախսերի վերաբերյալ. նա մեկ դատական նիստի համար պահանջում է 80.000 դրամ և դատարանից դուրս յուրաքանչյուր ժամի համար 40.000 դրամ: Այնուհետև ներկայացրեց իրենց՝ էլեկտրոնային տարբերակով «Շամշյան մեդիա»-ին ուղարկած գրության պատասխանը:

Ըստ այդմ՝ պատասխանել են, որ վիճարկվող հրապարակման հեղինակ, լրագրող Տաթև Մեսրոպյանը ձայնագրությունը չի պահել, քանի որ հերքման պահանջի ողջամիտ ժամկետն անցել է: Նաև լրագրողը նշել է, որ հարցազրույցից հետո Փայլակ Հայրապետյանը ուղղումներ կատարելու առումով որևէ դիտողություններ չի ներկայացրել, ավելին, հրապարակումից հետո Փայլակ Հայրապետյանը զանգել է իրեն և խնդրել որոշ լրացումներ կատարել»: Ուստի՝ ձայնագրության՝ գոյություն չունենալու հիմքով պարոն Օրբելյանը միջնորդեց մերժել պատասխանող կողմի միջնորդությունը:

Գրիշա Բալասանյանը այս առիթով նշեց. «Տաթև Մեսրոպյանի հետ խոսել եմ, նա զանգել է ինձ ու ասել, որ չկա ձայնագրություն: Ինձ ասել է, որ ընդհանրապես չի ձայնագրել, մեկ ուրիշին ասել է, որ ձայնագրությունը ոչնչացվել է: Ու՞մ հավատանք»: Գրիշա Բալասանյանը հայտարարեց, թե չի պնդում իր միջնորդությունը՝ հաշվի առնելով «Շամշյան մեդիա»-ից ստացված պատասխանը: Նա միջնորդեց քաղաքացիական գործը մերժել գոնե Փայլակ Հայրապետյանի մասով:

Մեկնարկեց դատաքննությունը, որի ընթացքում հետազոտվեցին բոլոր ապացույցները: Դատաքննության ավարտից հետո դատարանը հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 16-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031