Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պարսից շահի հայտնի լուսանկարիչը հայ է՝ հաստատում է ժառանգը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 03,2015 12:09

Հայ եւ որդի արվեստագետներ Սեւրուգյաններին (Սեւրուգիններին) համարել են ռուս, վրացի, պարսիկ, ֆրանսիացի, սակայն իրականում նրանք հայեր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լուսանկարիչ Անտուան Խան Սեւրուգյանի թոռը՝ Էմանուել Սեւրուգյանը, որը նախնիների հայ լինելու փաստը հաստատելու համար ժամանել է Գերմանիայից: Արվեստաբան Իվետ Թաջարյանը, որը 20 տարի զբաղվում է Սեւրուգյան գերդաստանի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ, պատմեց, որ աշխարհահռչակ լուսանկարիչ Անթուան Խան Սեւրուգինը եղել է Իրանի Նասեր Էդ-Դին շահի անձնական լուսանկարիչը, որի լուսանկարներն այսօր պահվում են աշխարհի հայտնի թանգարաններում եւ պատկերասրահներում. «Նրա որդին մեծահամբավ գեղանկարիչ Անդրե Սեւրուգյանն է: Ուսումնասիրողների համար միշտ թյուրիմացություն է առաջացել, քանի որ Անթուանը հանդես է եկել Սեւրուգին, իսկ որդին՝ Սեւրուգյան ազգանունով, ուստի նրանց հայ լինելը բացառվել է: Անթուանի հայրը՝ Վասիլին, աշխատել է Իրանում Ռուսաստանի դեսպանատանը, այդ պատճառով էլ Սեւրուգին ազգանունն է կրել»:

sevrugyan_3 sevrugyan_2 sevrugyan_4

Հայտնի լուսանկարչի թոռը՝ Էմանուել Սեւրուգյանն ասաց, որ նախնիների ստեղծագործական ժառանգությունը վաղուց տեղափոխվել է ԱՄՆ. «Ժամանակին, երբ իշխանության է եկել Փահլեւի շահը, ցանկացել է պարսկական անցյալը ոչնչացնել եւ երկիրը մոդեռն դարձնել: Իսկ Անթուանը լուսանկարել էր 19-րդ դարի կեսերի «հետամնաց» Պարսկաստանը: Չնայած շահը մտերիմ էր նրա հետ, հրամայել է ոչնչացնել նրա արխիվը, որը ներկայացնում է հին Պարսկաստանը: Հայրս Անդրեն, պատմել է՝ ոստիկանները պաշտոնապես առգրավել են արխիվը եւ մեծ մասը ոչնչացրել: Իմ հորաքույրը արխիվի մնացած մասը կարողացել է կաշառքով հանել ոստիկանությունից եւ նվիրել Ամերիկյան քրիստոնեական միությանը, որն էլ արխիվը վաճառել է ԱՄՆ-ի առաջատար գիտահետազոտական հաստատությանը»:

Բանախոսները նշեցին, որ համացանցում Սեւրուգյանների ազգային նկարագրի մասին իրարամերժ տեղեկատվություն կա, ուստի հայտնի լուսանկարչի թոռը նպատակ ունի հնարավորինս ի հայտ բերել նրանց ծագման մասին տեղեկատվությունն ու փաստերը:

Հավելենք, որ վաղը Մատենադարանում կբացվի Սեւրուգյանների ստեղծագործական ժառանգության մի մասի ցուցադրությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031